ԱՄՆ կառավարությունը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով կհատկացնի 9․5 միլիոն դոլար, ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարին։

Գործակալությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթություններ» համաժողովի ընթացքում, որը տեղի ունեցավ ժողովրդավարության միջազգային օրվա շրջանակներում, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակը պաշտոնապես մեկնարկեց իր «Հայաստանի բարեվարքություն» ծրագիրը, որը կաջակցի ՀՀ-ում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և առկա հակակոռուպցիոն մեխանիզմներին՝ երևույթը կառավարական օղակներում բացառելու համար։

Հաջորդ հինգ տարիների ընթացքում ծրագիրը կկենտրոնանա երեք հիմնական ուղղությունների վրա։ Դրանք են կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության ինստիտուտների հզորացումը, կոռուպցիան կանխարգելող իրավական և վարչական նորմերի կիրառելիությունը խթանելը և հասարակական պահանջի առաջացմանը և զգոնության բարձրացմանը նպաստելը՝ կոռուպցիայի կանխարգելման մեջ ներգրավված տեղական և կենտրոնական կառավարման մարմինների հաշվետվողականությունն ամրապնդելու համար։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը և այլ մասնակիցներ քննարկեցին կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արձանագրած հաջողությունները, ինչպես նաև առկա խնդիրները, որոնց լուծումը կնպաստի երկրում կայուն հակակոռուպցիոն համակարգի ստեղծմանը։

«Մենք ոգեշնչված ենք ՀՀ կառավարության՝ կոռուպցիան արմատախիլ անելու մոտեցումով, այն է կանխարգելում, իրազեկում և հետապնդում: Բարեվարքության ծրագիրը, որպես ԱՄՆ ՄԶԳ առաջնային հակակոռուպցիոն նախաձեռնություն, մի շարք շահառուների շրջանում կաջակցի նաև ԿԿՀ-ին և Արդարադատության նախարարությանը, պետական ոլորտում բարեվարքությունն ամրապնդելու համար», - նշել է դեսպան Թրեյսին։

«Ծրագրի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանին՝ կոռուպցիան որպես սոցիալական նորմ մերժելու մշակույթի ստեղծման գործում։ Կոռուպցիայի կանխարգելման մեթոդների զարգացման և կիրառման գործում մենք աշխատում ենք կառավարության առանցքային մարմինների հետ, ինչպիսիք են ԿԿՀ-ն և Արդարադատության նախարարությունը։ Բացի այդ, մենք աջակցում ենք քաղացիական հասարակությունը ներկայացնող մի շարք կազմակերպությունների, մեդիային և երիտասարդությանը՝ ՀՀ-ում բարեվարքությանն առնչվող խնդիրները բարձրաձայնելու և հանրայնացնելու իրենց ջանքերում», - նշել է ծրագրի ղեկավար Լորենս Հելդը։

Կառավարական մի շարք մարմինների, միջազգային կառույցների, մեդիա ոլորտի և ՀԿ-ների ներկայացուցիչներ, համաժողովին մասնակցելուց զատ, ներգրավվեցին նաև կլոր սեղանի ձևաչափով քննարկմանը, որը մեկնարկեց պաշտոնական մասի ավարտից հետո։ Մասնակիցները մատնանշեցին ՀՀ-ում կոռուպցիայի հանդեպ զրոյական հանդուրժողականություն հաստատելու գործում առկա բազում խնդիրներ և մարտահրավերներ։