Արմեն Չարչյանին իր ունեցած առողջական վիճակում կալանքի տակ պահելը խոշտանգում է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, որը քիչ առաջ տեսակցել էր «Իզմիրլյան» Բժշկական կենտրոնի նախկին ղեկավար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին։

«Ինտեսնիվ բժշկական հսկողության տակ գտնվելը որոշակի կայունության հանգեցրել է Արմեն Չարչյանի առողջական վիճակը, բայց դա թորքաբորբի պայմաններում, իսկ ինսուլինի բարձր միավորն արդեն ծայրահեղ վիճակ է առաջացանում։ Արմեն Չարչյանը մեզ հետ  դժվարությամբ էր խոսում։ Փորձեցինք սահմանափակել նրա հետ հաղորդակցությունը, զուտ տեսանք՝ ինչ պայմաններում է, ինչպես է իրեն զգում։ Իր կամքը տեղն է իհարկե, բայց նման պայմաններում մարդուն կալանավորված պահելը խոշտանգում է։ Դա մարդասիրական ցանկացած արժեքի ոչնչացում է»,- նշեց նա։

Վարդևանյանի խոսքով՝ անվիճելի է, որ Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվողը քաղաքական հետապնդում է։

«Երեկ Գագիկ Ջհանգիրյանը փաստացի կարևորեց պատգամավորի անձեռմխելիությունը, հավելյալ հանգամանքներ չներկայացրեց, որովհետև ասաց, որ հնարավոր է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ լինի, ով որ դա անտեսել է։ Այսինքն՝ իրավապահ համակարգում կատարվողի նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ։ Իսկ թե ինչու է վերաբերմունքն այսպիսին, բացառապես քաղաքական բաղադրիչն է»,- հավելեց Արամ Վարդևանյանը։