Պատկերացրեք հետյալ իրավիճակը՝ ունենք Արմեն Չարչյանի վերաբերյալ նշանակված դատական նիստ և այդ ընթացքում Գագիկ Ջհանգիրյանը մտնում է Վերաքննիչ դատարնի շենք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպան Էրիկ Ալեքսանյանը, որը քիչ առաջ տեսակցել էր «Իզմիրլյան» Բժշկական կենտրոնի նախկին ղեկավար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանին։

«Ես չեմ ուզում վերացական դատողություններ անել, թե կոնկրետ այդ գործով էր պայմանավորված այցելությունը, թե՝ ոչ։ Բայց օբյեկտիվ դիտողի կողմից արդյոք չի՞ կարող լինել կասկած, որ դա պայմանավորված էր հենց Արմեն Չարչյանի գործով։ Նման մի փոքր կասկածի դեպքում մենք օրինական դատարանի մասին խոսք չենք կարող ունենալ»,- նշեց նա։

Ալեքսանյանը հիշեցրեց, որ երկու միջնորդություն է ներկայացվել դատարան կալանքի փոփոխման վերաբերյալ հրատապ նիստ հրավիրելու համար։

«Դատարանից լուր չունենք այն պարզ պատճառով, որովհետև դատավորը, որի վարույթում գտնվում է Արմեն Չարչյանի գործը, արձակուրդում է և վերադառնալու է ամսի 22-ին։ Մենք երեկ ենք տեղեկացել այդ մասին։ Դատական նիստ նշանակված է հոկտեմբերի 1-ին, բայց հույս ունենք, որ դատավոր Միսակյանը արձակուրդից հետո մեր պահանջը ընդունելի կհամարի, հրատապ դատական նիստ կհրավիրի, և կքննարկվի խափանման միջոցի փոփոխության հարցը։ Արմեն Չարչյանի անազատության մեջ շարունակական մնալն էլ ավելի վատ է անդրադառնում իր առողջական վիճակի վրա, և ելնելով Սահմանադրությական իրավունքից, որ նա պետության կողմից ունի իր առողջության պաշտպանության իրավունք, այդ նորմը պետք է ի վերջո գործի»,- հավելեց Էրիկ Ալեքսանյանը։