Մամուլում տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ իբր Վիտալի Բալասանյանն Արմեն Չարչյանին հորդորել է հրաժարվել պատգամավորական մանդատից ու զբաղվել բժշկությամբ, որի դիմաց իշխանությունը կմոռանա իր դեմ հարուցված քրեական գործը, իսկ Չարչյանն էլ կտրականապես մերժել է այդ առաջարկը։ Այս մասին հայտարարել է Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Տեղեկացնեմ հանրությանը, որ այսօր եմ տեսակցել պարոն Չարչյանին եւ զրուցել նրա հետ վերոնշյալ հարցի շուրջ՝ պրոֆեսորը հերքեց այդ տեղեկատվությունը խստորեն դատապարտել սուտ տեղեկատվության շրջանառությունը՝ մասնավորեցնելով, որ Վիտալի Բալասանյանն իրեն չի այցելել եւ նրանք նման բովանդակությամբ խոսակցություն չեն ունեցել»,-նշել է նա:

Ավելի վաղ «Ժողովուրդ» թերթը գրել էր. «Իշխությունը լծված է բժիշկ Արմեն Չարչյանին «չեզոքացնելու» ու նրան քաղաքականությունից հեռացնելու գործին: Իշխանության մեր աղբյուրները փոխանցում են, որ օրերս անգամ բանագնաց են ուղարկել հիվանդանոց՝ Չարչյանի մոտ, որ նրան համոզեն դուրս գալ քաղաքականությունից: Մեր աղբյուրները փոխանցում են, եւ դա տարօրինակ է, որ բանագնացը եղել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Վերջինս Չարչյանին հորդորել է հրաժարվել պատգամավորական մանդատից ու զբաղվել բժշկությամբ, որի դիմաց իշխանությունը կմոռանա իր դեմ հարուցված քրեական գործը: Չարչյանը, սակայն, կտրականապես մերժել է»: