Սեպտեմբերի 16-ին Դուշանբեում Տաջիկստանի Հանրապետության ղեկավար Էմոմալի Ռահմոնի նախագահությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նստաշրջանը մասնակիցների առերես հանդիպման ձեւաչափով, տեղեկացնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը։ Նիստին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

ՀԱԽ անդամները կքննարկեն միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցեր եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության հիմնական արդյունքները նիստերի միջեւ ընկած ժամանակաշրջանում։ Ամենակարեւոր հարցերից մեկը կդառնա իրավիճակն Աֆղանստանում եւ դրա ազդեցությունը ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության վրա։

ՀԱԽ նստաշրջանի ընթացքում, ինչպես սպասվում է, կընդունվի Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը, ինչպես նաեւ կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, որոնք կվերաբերեն խաղաղապահությանը, ՀԱՊԿ Զորքերի (Հավաքական ուժերի) գործունեության ապահովմանը եւ ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի զինմանը արդիական սպառազինություններով, ռազմական եւ հատուկ տեխնիկայով, հատուկ միջոցներով, կդիտարկվի ՀԱՊԿ 2022թ. բյուջեն։

Հաշվի առնելով  ՀԱՊԿ նախագահության անցումը 2021-2022թթ. Հայաստանի Հանրապետությանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կներկայացնի երկրի առաջնահերթությունները, որոնք պետք է իրականացվեն։

Նախօրեին՝ սեպտեմբերի 15-ին, տեղի կունենա արտաքին գործերի, պաշտպանության նախարարների խորհուրդների եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը, որի ընթացքում կքննարկվեն ռազմաքաղաքական իրադրությունը ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում, ՀԱԽ գալիք նստաշրջանի օրակարգը։ Ինպես սպասվում է,  կընդունվեն մի շարք քաղաքական հայտարարություններ, այդ թվում ՀԱՊԿ անդամ պետությունների համատեղ հայտարարությունը «Աֆղանստանում իրավիճակի մասին»։