Գեղարքունիքի մարզում, սեպտեմբերի 14-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 19։40-ի սահմաններում դեռևս չպարզված անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 64 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս վրաերթի  է ենթարկել հետիոտն՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 65-ամյա Մանյակ Գալստյանին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն, իսկ վարորդը, նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից հեռացել է։

Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում որոշ հանգամանքներ էին պարզում, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, ժամը 22։40-ի սահմաններում մահացել է։

Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Մկրտչյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 243 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։