Հյուսիսային Կորեան երկու ենթադրաբար բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Ճապոնիայի առափնյա ծառայության հայտարարությանը:

Հինգ րոպեի տարբերությամբ արձակված հրթիռները, ըստ ամենայնի, ճապոնական տարածքային ջրերից եւ բացառիկ տնտեսական գոտուց դուրս են ընկել:

«Սա վրդովեցուցիչ արարք է, որը սպառնում է մեր երկրի եւ տարածաշրջանի կայունությանն ու անվտանգությանը»,- ասել է վարչապետ Յոսիհիդե Սուգան, ով Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ կհրավիրի՝ միջադեպը քննարկելու համար: Վարչապետը նաեւ Փհենյանի հրթիռային արձակումներն անվանել է «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի գործող բանաձեւերի խախտում»:

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է հրթիռի արձակման փաստը՝ նշելով, որ զբաղվում է տեղեկատվության հավաքագրմամբ եւ վերլուծությամբ: Այն ԿԺԴՀ-ի գործողություններն անվանել է լուրջ խնդիր ոչ միայն Ճապոնիայի, այլ ամբողջ միջազգային հանրության համար: