Գյումրի համայնքի ավագանին երեկ՝ սեպտեմբերի 14-ին, ուժը կորցրած է ճանաչել ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումը, որով «Արմոն» ընկերությանը կառուցապատման իրավունքով Գյումրիի տարբեր հատվածներում հատկացվել էր  հողամասեր՝ օդային տրամվայ կառուցելու համար:

Դեռ նախորդ տարի քաղաքապետարանում հանրային լսումների ժամանակ «Արմոն» ՍՊԸ տնօրեն Խաչատուր Սարգսյանը մանրամասն ներկայացրել էր, թե ինչ է պատրաստվում անել «Սքայ Գյումրի» ներդրումային ծրագիրը, որի ընդհանուր արժեքը գնահատվում է 500 մլն դոլար։ Այդ ծրագրի համաձայն՝ կառուցվելու էր օդային տրամվայ, որը պետք է ունենար 14 կանգառ, կայանատեղիներ, կանգառներում կառուցվելու էր առեւտրի, ժամանցի, հանգստի գոտիներ։ Կարճ ասած՝ ծրագրի նպատակն էր զարգացնել քաղաքի ենթակառուցվածքները։

Նախօրեին ավագանու նիստում հարցի հիմնական զեկուցողն ասաց, որ քաղաքապետարանն այդ ծրագրի իրականացմանն ուղղված քայլեր չի տեսել, դրա համար էլ հատկացված հողամասերը հետ են վերցնում։

«Երբ որ մենք տեղաշարժ չտեսանք այդ ծրագրում,  հարցում արեցինք եւ պատասխան ստացանք, որ կորոնավիրուսով ու պատերազմով պայմանավորված ժամանակավորապես կասեցվում է նրանց կողմից այդ ծրագրի իրականացումը։ Սակայն, մինչեւ հիմա այդ  ծրագրի իրականացման ուղղված քայլեր չենք տեսնում, դրա համար մենք ներկայացրել ենք, որ այն հողամասերը, որոնք տրամադրել էինք, հետ վերցնենք ու չեղյալ համարենք այդ որոշումը։ Մենք պատրաստվում ենք այլ ծրագիր  իրականացնել  այդ տարածքների վրա»,- ասաց հարցի հիմնական զեկուցողը։

«Արմոն» ՍՊԸ-ի տնօրեն Խաչատուր Սարգսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն քաղաքապետարանը տեղյակ չի պահել, որ 1 տարի առաջ ընդունված որոշումն ուզում են ուժը կորցրած ճանաչել։

«Իրենք պարտավոր էին ինձ գրավոր դիմել եւ ճշտել՝ ես անելո՞ւ եմ այդ ծրագիրը, թե՝ ոչ, հետո միայն հրաժարվեին այդ որոշումից։ Իրենց կարելի է նույնիսկ դատի տալ: Երեւի այդ մարդիկ մոռացել են, որ կորոնավիրուս կա, պատերազմ է եղել։ Փողը դրսից է գալիս, որեւէ ինվեստոր փող կդնի՞, եթե երկիրը պատերազմի մեջ է։ Կամ էլ իրենց պաշտոններն արդեն թողնում գնում են, ասելով՝ մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ»,-  ասաց Սարգսյանը։

Օդային տրամվայի կառուցման եւ մյուս ենթակառուցվածքների համար «Արմոն» ընկերությունը քաղաքապետարանից 14 կտոր հող էր ուզել, բայց միայն 3-ն էին հատկացրել։ Ըստ Խաչատուր Սարգսյանի՝ առաջարկվել էր մնացածն էլ գնել, ինչը մեծ ծախսերի հետ էր կապված։

«Մենք սպասում էինք, որ ընտրություններ լինեին, տեսնեինք՝ ով է նոր իշխանությունը։ Խոսքը թե՛ խորհրդարանական, թե՛ Գյումրիում սպասվելիք ավագանու ընտրությունների մասին է։ Պետք է իմանանք՝ ում հետ ենք աշխատելու, բիզնեսը միշտ սպասողական է՝ կախված քաղաքական  գործոններից։  Մի ընտրությունը բարեհաջող անցավ, հիմա երկրորդ ընտրությունն է. ինչ իմանանք՝ ով է գալու, ինչ պայմաններով են գալիս, ինչ են փոխում, ինչ ավագանի է լինելու»,- նշեց նա։

Խաչատուր Սարգսյանը հավելեց, որ ամիսներ առաջ՝ մարտին, քաղաքապետարանին տեղեկացրել են, որ որոշ հանգամանքներից ելնելով՝ ծրագիրը ժամանակավորապես կանգնեցնում են, բայց քաղաքային իշխանություններից արձագանք չեն ստացել։

Քաղաքապետարանի կողմից հատկացված 3 տարածքներում «Արմոն» ընկերությանն այդպես էլ ոչինչ չէր արել։

«Օդանավակայնում տարածք էին տվել, որտեղ անհնար էր ինչ-որ բան անել։ Մեզ 2 հա տարածք էր պետք, իրենք 600 մետր էին տվել։ «Մայր Հայաստանի» մոտ էր մի քիչ նորմալ տարածք, բայց էլի մեր ուզած չափը չէր։  Իրարից հեռու տարածքներ էին տվել, մոտ չէր, որ գոնե մի փոքր հատված սարքեինք, մարդիկ տեսնեին՝ ինչ է»,- հավելեց «Արմոն» ընկերության տնօրենը։

Նշենք նաեւ, որ դեռ մեկ տարի առաջ Գյումրու համայնքապետ Սամվել Բալասանյանն այդ ծրագիրը հեքիաթ էր անվանել։