Հնդկաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել օձերի երկու հմայիչների, որոնց հանցակցի հետ միասին զինվել են սողուններով՝ ՏՏ մասնագետին կողոպտելու համար, հայտնել է Hindustan Times-ը:

ՏՏ ոլորտի 29-ամյա մասնագետ Ակշատ Ջանգոտրան սեպտեմբերի 13-ին մեքենայով մոտեցել է գրասենյակին: Երբ Ջանգոտրան կանգ է առել, երեք տղամարդ մոտեցել են նրան: Նրանք բաց պատուհանից օձեր են նետել մեքենայի մեջ եւ սկսել են սպառնալ երիտասարդին:

Հարձակվողները զոհից խլել են ոսկե մատանին, այնուհետեւ օձերի հետ փախել: Ջանգոտրան փորձել է հասնել նրանց, սակայն կողոպտիչները սպառնացել են սպանել նրան:

«Մենք հայտնաբերեցինք կասկածյալներին եւ ձերբակալեցինք նրանցից երկուսին: Ձերբակալության պահին նրանք տանն են գտնվել: Առգրավվել է երկու օձ, որոնք նրանք օգտագործել են հանցագործություն կատարելու համար: Օձերին կհանձնեն վայրի բնության վարչություն», - հայտնել է ոստիկանությունը: