Համացանցում զանգվածային բողոքներից հետո Ֆարերյան կղզիների պետական պաշտոնյաները դելֆինների հսկայական հոտի որսն ու սպանությունը «մեծ սխալ» են անվանել, հայտնում է NBC News-ը:

Կիրակի գիշերը Ֆարերյան կղզիների մոտակայքում 1428 դելֆին է սպանվել: Ինչպես հայտնում է Sea Shepard Global-ը, որսորդները ջրային մոտոցիկլետներ եւ փոքր նավակներ են օգտագործել, որպեսի դելֆիններին քշեն սակավաջուր վայր ու սպանեն: Հետո նրանք սատկած կենդանիների լեշերը հանել են ափ ու սկսել դրանք բաժանել տեղի բնակիչներին: Սակայն միսն այնքան շատ է եղել, որ այժմ մարդիկ չգիտեն ինչ անել դրա հետ:

Այս ամենի մեղավորը Grindadrap կոչվող վաղեմի ավանդույթն է, որը ֆարերերենից թարգմանաբար նշանակում է «սեւ դելֆինների սպանություն»: Ֆարերյան կղզիներում որսորդությունը գոյություն ունի առնվազն 10-րդ դարից եւ կարգավորվում է տեղական իշխանությունների կողմից: Տեղացիները հիմնականում կետերին են բռնում, բայց նրանք նաեւ դելֆիններ են որսում: