Ադրբեջանի նախագահի օգնական, ԱՀ նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիեւը հանդիպել է Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավիի հետ։

Ինչպես տեղեկացնում է 1news.az-ը, այդ մասին Թվիթերի իր էջում գրել է իրանցի դիվանագետը։

«Արդեն երկրորդ անգամ մեկ շաբաթում ես հնարավորություն ունեցա հանդիպելու Հիքմեթ Հաջիեւի՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնականի հետ։ Մեր ջերմ զրույցների ընթացքում մենք քննարկեցինք ընթացիկ իրավիճակը եւ ապագայի պլանները, ինչպես նաեւ այլ հարցեր, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»,- ասվում է Իրանի դեսպանի հաղորդման մեջ։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 14-ին, Հ.Հաջիեւը եւ Մուսավին քննարկել էին երկկողմ հարաբերությունների վիճակը եւ ընդհանուր մտահոգություն առաջացնող հարցեր։

Հիշեցնենք, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին ապօրինաբար հաստատված ադրբեջանցիները սկսել են փող գանձել իրանցի վարորդներից, իսկ երեկ անգամ կալանավորել են երկու վարորդի։