Այս ամենը հետեւանք է նրա, որ նախորդ տարի շատ քիչ կոնյակ է սպառվել եւ ընկերությունները անցած տարի այդ ցածր սպառման պայմաններում շատ խաղող են մթերել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, կառավարության նիստից հետո ճեպազրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով խաղողագործների բողոքի ակցիաներին, նրան, որ խաղողը կամ չեն մթերում, կամ մթերում են 130 դրամով, ինչը ըստ գյուղացիների, նշանակում է ձրի մթերել:

«Պետք է պաշարները եւ վաճառքը բալանսավորվեն, որ ընկնենք նորմալ հունի մեջ: Մինչ այդ փորձում ենք լուծել խնդիրները, այնպես անել, որ բերքը գետնին չմնա»,-ասաց նա:

Նախարարը հավաստիացրեց, որ խաղողագործների հետ կապված բոլոր խնդիրներին տեղյակ են և ամենօրյա ռեժիմով զբաղվում են այդ հարցով, իսկ իր տեղակալներից մեկը միայն այդ գործն է անում. «Փորձում ենք հընթացս լուծել խնդիրները և միևնույն ժամանակ այնպես անել, որ բերքը գետնին չմնա»,-ասաց էկոնոմիկայի նախարարը:

Հարցին, թե կոնկրետ ինչ քայլեր է ձեռնարկել կառավարությունը, Քերոբյանը պատասխանեց. «Երկու շաբաթ առաջ մթերման վարկերի սուբսիդավորման կարգում փոփոխություններ արեցինք, որ թույլ տանք ավելի մեծ չափի վարկեր վերցնել եւ կարողանան ավելի շատ մթերել: Դրանից առաջ պետական երաշխիքների ինստիտուտն էինք մտցրել, որպեսզի այն ընկերությունները, որոնք գրավի խնդիր ունեն, օգտվեն պետության երաշխիքներից եւ վերցնեն անհրաժեշտ չափի վարկեր, որ մթերեն ինչքան հնարավոր է շատ: Մենք հիմա ինտենսիվ քննարկումների մեջ ենք»: