ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լյովա Սարգսյանի դուստրը՝ Անի Սարգսյանը եւ որդին՝ Նարեկ Սարգսյանը հայցադիմումներ են ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության՝ վիճարկելով իրենց գույքն ուսումնասիրելու վերաբերյալ որոշումը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։

Սարգսյանները պահանջում են վերացնել ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Դավթյանի կողմից 2020թ հոկտեմբերի 7-ին կայացված՝ հայցվորներին պատկանող գույքի առնչությամբ «Ուսումնասիրություն սկսելու մասին» որոշումը։

Հայցադիմումները դատարան մուտք են եղել սեպտեմբերի 14-ին, որոնցից մեկը մակագրվել է դատավոր Դանիել Դանիելյանին, իսկ Նարեկ Սարգսյանի հայցադիմումը՝ դատավոր Արթուր Ավագյանին։