Այսօր՝ սեպտեմբերի 16-ի առավոտից Արմավիրի մարզի Ամասիա, Նալբանդյան, Արմավիր, Նոր Կեսարիա և հարևան համայնքների մի քանի տասնյակ խաղողագործներ փակել են Երևան-Արմավիր ավտոճանապարհը՝ պահանջելով լուծել խաղողի մթերման հարցը:

Նրանք նշել են, որ տարիներ շարունակ խաղողը հանձնել են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատի» Ամասիայի մթերման կետին, բայց այս տարի մթերման կետը դեռ չի բացվել:

Բողոքի ակցիայի ժամանակ խաղողագործները պահանջել են Արմավիրի մարզպետի ներկայությունը, սակայն վերջինս Կառավարության նիստին էր, ուստի նրա փոխարեն բողոքավորներին հանդիպել է փոխմարզպետը։ Նա խոստացել է խաղողի մթերման հարցով բանակցել այլ ընկերությունների հետ և օգնել գյուղացուն՝ իրացնել ամբողջը։

Գյուղացիները դժգոհ են նաեւ մթերման գնից: Նրանց խոսքով, խաղողը պետք է մթերեին 150 դրամով, սակայն հիմա ստիպված են մթերել 110-120 դրամով: