Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 16-ին այցելել է Գյումրի եւ մասնակցել «Շիրակ» միջազգային օդանավակայանի ժամանման նոր սրահի բացման արարողությանը:

Նրան ուղեկցել են հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»» ՓԲԸ-ի տնօրեն Մարսելո Վենդեն, ինչպես նաեւ ընկերության գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը:

Նրանք շրջել են թռիչքուղում, հարցեր տվել աշխատակիցներին:

Փոխվարչապետին տեղեկացրել են, որ ասֆալտբետոնե նոր՝ 3,5 եւ 6 սմ հաստությամբ ծածկույթ է տեղադրվել։ Ընդ որում՝ ասֆալտի ծածկույթի ամրացման համար լրացուցիչ քիմիական նյութեր են օգտագործվել: Բացի այդ, ամբողջ գործընթացը վերահսկելու համար միջազգային փորձագետներ են ներգրավվել: Այսպիսով, թռիչքուղին եւ օդանավակայանն ամբողջությամբ համապատասխանում են միջազգային բոլոր չափանիշներին եւ պահանջներին:

Պապիկյանը մասնակցել է նաեւ «Շիրակ» օդանավակայանի ժամանման նոր սրահի բացման արարողությանը՝ կտրելով կարմիր ժապավենը: Նա շրջել է օդանավակայանում եւ ծանոթացել կատարված աշխատանքներին:

«Ինձ դուր եկավ «Շիրակ» միջազգային օդանավակայանի ժամանման սրահը: Ես նախկինում էլ եղել եմ այստեղ, շատ լավ հիշում եմ, թե ինչպիսին էր օդանավակայանը մինչ այդ: Հիմա ամեն ինչ լավ է: Կարծում եմ՝ Գյումրու օդանավակայանը կդառնա զբոսաշրջիկների սիրելի վայրը, ինչպես նաեւ քաղաքի հետագա զարգացման ամենակարեւոր հիմքերից մեկը»,- լրագրողների հետ զրույցում ասել է փոխվարչապետը: