Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի կողմից ձեւավորված անվտանգության նոր գործընկերությունը (AUKUS) ուղղված չէ որեւէ երկրի դեմ: Այս մասին հինգշաբթի օրը, ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատում, հայտարարել է երկրի կառավարության ղեկավար Բորիս Ջոնսոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Կարեւոր եմ համարում Համայնքների պալատին պարզաբանել, որ AUKUS գործընկերությունը նախատեսված չի որեւէ այլ երկրի դիմակայելու համար»,- հայտարարել է Ջոնսոնը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք AUKUS-ի ստեղծումը պատասխան է Չինաստանի ռազմական հզորության ավելացմանը: «Այս քայլը պարզապես վկայում էայն մասին, թե որքան սերտ են մեր կապերը Ավստրալիայի եւ ԱՄՆ-ի հետ, երեք երկրների ընդհանուր արժեքների եւ փոխվստահության բարձր մակարդակի մասին, որը թույլ է տալիս կիսել միջուկային տեխնոլոգիաները»:

Ջոնսոնի խոսքով՝ նոր գործընկերության անդամները շահագրգռված են «ամբողջ աշխարհում ժողովրդավարության, մարդու իրավունքների, նավագնացության եւ առեւտրի ազատության» պաշտպանության հարցում: Նա նաեւ ընդգծել է, որ AUKUS-ի ստեղծումը չի հակասում Եվրոպայի «անվտանգության համար կենսական» նպատակներին եւ ՆԱՏՕ-ի խնդիրներին: Բրիտանական կառավարության ղեկավարը հավաստիացրել է, որ դաշինքում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի գործընկերները տեղեկացվել են եռակողմ գործընկերություն ձեւավորելու ծրագրերի մասին: Նա նաեւ կրկնել է, որ երեք երկրների համատեղ նախագիծը լիովին կհամապատասխանի միջուկային զենքի չտարածման վերաբերյալ իրենց պարտավորություններին:

«Ոչ մի վտանգ չկա, որ [նոր գործընկերության պատճառով] Մեծ Բրիտանիան կամ նրա որեւէ դաշնակիցը ավելի քիչ ուշադրություն կդարձնեն Ռուսաստանի կողմից սպառնալիքներին»,- հավելել է Ջոնսոնը՝ համապատասխան հարցին ի պատասխան:

Ջոնսոնն ասել է, որ AUKUS դաշնագիրը երեք երկրներին թույլ կտա ամրապնդել իրենց պաշտպանունակությունը` զարգացնելով համագործակցությունը կիբեռանվտանգության, քվանտային տեխնոլոգիաների եւ արհեստական բանականության ոլորտներում:

«Սա պաշտպանական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության սկիզբն է միայն: Ինչպես արդեն նշել եմ, այն ոլորտները, որտեղ մենք կցանկանայինք այն ամրապնդել, ներառում են կիբեեոլորտը, արհեստական բանականությունը, քվանտային հաշվարկները եւ ստորջրյա օբյեկտների պաշտպանությունը: Այժմ կան շատ ոլորտներ, որոնցում նույն արժեքներով եւ ժողովրդավարության նկատմամբ ընդհանուր հավատով երկրները կցանկանային զգալիորեն մեծացնել փոխգործակցությունը»,- ասել է Ջոնսոնը եւ ընդգծել, որ AUKUS-ի համատեղ նախագծերը կհամալրեն, այլ ոչ թե կփոխարինեն երեք երկրների համագործակցությանը «Հինգ աչք» (Five Eyes) հետախուզական դաշինքում, որի մեջ մտնում են նաեւ Կանադան եւ Նոր Զելանդիան:

Նա նաեւ նշել է, որ ապագայում Ավստրալիայի միջուկային սուզանավերի ստեղծման նախագծին թագավորության մասնակցությունը թույլ կտա Բրիտանիային նվազեցնել սեփականը արդիականացնելու ծախսերը: Նրա խոսքով, համատեղ նախագծին Բրիտանիայի մասնակցության գործնական ասպեկտները կորոշվեն առաջիկա մեկուկես տարվա ընթացքում։ Ջոնսոնն ընդգծել է, որ նոր եռակողմ գործընկերությունը ոչ միայն թույլ կտա ամրապնդել Հնդկական եւ Խաղաղ օվկիանոսների անվտանգությունը, այլ նաեւ նոր քայլ կդառնա 11 երկրներ ներառող Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության համաձայնագրին Մեծ Բրիտանիայի միանալու ուղղությամբ: