Չեմ կարծում, թե Բելառուսը որեւէ մեկին նախապատվություն է տալիս: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք համագործակցություն հաստատելիս Բելառուսը Հայաստանին կամ Ադրբեջանին նախապատվություն է տալիս:

«Մեր նախագահը շատ ուրախ էր, երբ պատերազմն ավարտվեց: Սա նրա դիրքորոշումն է: Նա շատ ուրախ էր, երբ հակամարտությունն ավարտվեց: Դա շատ կարեւոր էր բոլոր կողմերի համար»,- ասաց դեսպանը:

Նրա խոսքով, այսօր Բելառուսի եւ Հայաստանի միջեւ որեւէ խնդիր չկա` ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական ոլորտում:

Ալեքսանդր Կոնյուկը բացատրեց, որ համագործակցության ընդլայնման համար նույնպես խոչընդոտներ չկան, իսկ առկա արգելքները աստիճանաբար կվերանան:

«Ես մտադիր եմ բոլոր ջանքերը գործադրել՝ երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը մեծացնելու համար: Համոզված եմ, որ արտադրանքի մատակարարման պայմանագրեր կկնքվեն: Ես ինքս եղել եմ մի քանի շատ խոշոր ցանցային ընկերություններում, որոնք հետաքրքրված են բելառուսական արտադրանքի մատակարարման հարցում»,- հավելեց նա:

Դեսպանն ընդգծեց, որ «ARMENIA EXPO - 2021» ֆորումի ցուցահանդեսի կարեւորությունը դժվար է գերագնահատել, քանի որ համավարակի ժամանակ դրա անցկացումը բարձրացնում է մարդկանց տրամադրությունը, ինչպես նաեւ համագործակցության հաստատման հնարավորություններ է ստեղծում:

«Բելառուսը համաժողովին ներկայացված է 11 ընկերություններով, որոնք զբաղվում են նաեւ գյուղտեխնիկայի, գյուղմթերքի եւ մետալուրգիական արտադրությամբ: Հայկական ընկերությունների հետ կնքվում են կոնկրետ պայմանավորվածություններ: Ես մի քանի անգամ հանդիպել եմ Արմավիրի մարզպետի հետ, եւ նա հետաքրքրություն է ցուցաբերել բելառուսական գյուղտեխնիկայի ձեռքբերման հարցում»,- ընդգծեց Ալեքսանդր Կոնյուկը:

Նշենք, որ Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկի հետ զրույցը տեղի ունեցավ «ARMENIA EXPO - 2021» 20-րդ ունիվերսալ առեւտրա-արդյունաբերական ցուցահանդեսի համաժողովի բացումից հետո, որտեղ ներկայացված են նաեւ բելառուսական ընկերությունները: