Ռիսկերը, որոնք կապված են Գորիսը Կապանին միացնող ճանապարհի հատվածի հետ, որտեղ ադրբեջանցիները ոստիկանական անցակետ են տեղադրել, եւ որտեղ ձերբակալվել են Իրանի երկու քաղաքացիներ, չեն դիտարկվել Հայաստանի իշխանությունների կողմից: Այս մասին սեպտեմբերի 16-ին «Շիրակ» միջազգային օդանավակայանի ժամանման նոր սրահի բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ այժմ ռուս սահմանապահները բանակցություններ են վարում այս հարցի շուրջ:

«Այս պահին բանակցություններ են ընթանում: Ենթադրվում է, որ առաջիկա երեք օրերի ընթացքում Իրանի քաղաքացիներն ազատ կարձակվեն: Գործընթացին մասնակցում է նաեւ Իրանի Իսլամական Հանրապետությունը՝ օգտագործելով իր դիվանագիտական խողովակները: Այս հարցը հիմա, մեծ հաշվով, մեր լիազորությունների շրջանակում չէ... Դուք ասում եք, որ մենք հաշվի չենք առել հնարավոր ռիսկերը, բայց ունեի՞նք արդյոք ընտրություն: Չեմ կարծում, որ մենք ընտրություն ունեինք, եւ սրանով կցանկանայի ամփոփել»,- ասաց Պապիկյանը: