ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 16-ին ընդունեց Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը նշեց, որ իր համար պատիվ է հյուրընկալել հայ ժողովրդի մեծ բարեկամին: Նա նշեց, որ չափազանցված  չէ այն միտքը, որ հայ ժողովրդի հավատարիմ բարեկամ Քերոլայն Քոքսը Հայաստանում լայն ճանաչում եւ սեր է վայելում:

Ալեն Սիմոնյանը երախտագիտություն հայտնեց տարիներ շարունակ բարոնուհու կողմից Հայաստանին եւ Արցախին հետեւողական կերպով աջակցելու համար:

ԱԺ նախագահը եւ բարոնուհի Քոքսը քննարկեցին պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակի, Ադրբեջանի կողմից պահվող ռազմագերիների, քաղաքացիական անձանց վերաբերյալ հիմնահարցեր:

Բարոնուհին մտահոգություն հայտնեց Ադրբեջանի կողմից միջազգային տարբեր հարթակներում հնչեցվող ապակառուցողական հայտարարությունների վերաբերյալ՝ միեւնույն ժամանակ հուսալով, որ միջազգային հանրության գործուն աջակցությամբ հնարավոր կլինի լուծել գերիների հայրենադարձման հարցը:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության վերաբերյալ: