Microsoft-ը Windows օպերացիոն համակարգով համակարգիչների տվյալների պաշտպանության նոր միջոց է մշակել: Առանց գաղտնաբառի ապաարգելափակման գործառույթի մասին ազդարարել է հենց ընկերությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Օգտատերերին առաջարկվում է իրենց հաշիվը պաշտպանելու համար հրաժարվել ավանդական գաղտնաբառից՝ որպեսզի այն աշխատի, սմարթֆոնի վրա պետք է տեղադրել Microsoft Authenticator հավելվածը:

Տեղադրված ծրագրակազմով օգտվողները պետք է անցնեն Microsoft-ի իրենց հաշիվ, մուտք գործեն համակարգ եւ ընտրեն անվտանգության լրացուցիչ չափորոշիչներ: Բաժնում կլինի «Հաշիվ առանց գաղտնաբառի» տարբերակը, որը պետք է ակտիվացվի: Սրա շնորհիվ համակարգիչն ավտոմատ կերպով կապաարգելափակվի, եթե մոտակայքում վստահելի շարժական սարք է գտնվում:

Այս գործառույթը հասանելի կլինի Windows 10-ին եւ 11-ին: Վերջինիս ամբողջական թողարկումը նախատեսված է հոկտեմբերի 5-ին՝ ամբողջ աշխարհի օգտագործողները կկարողանան թարմացնել համակարգիչները, եթե դրանք համապատասխանում են Microsoft-ի պահանջներին։