Ներկայումս որոշ վարորդներ օգտվում են Կապանից Տաթեւ տանող այլընտրանքային ճանապարհից: Հիմնականում այս ճանապարհով որոշում են գնալ միջին չափի տրանսպորտային միջոցները: Այս մասին սեպտեմբերի 16-ին «Շիրակ» միջազգային օդանավակայանի ժամանման նոր սրահի բացման արարողությունից հետո լրագրողներին ասաց հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Նա նշեց, որ քանի որ այս հատվածում վերանորոգման աշխատանքներ են տարվում, տրանսպորտային միջոցներին ուղեկցում են Հայաստանի ոստիկանական մեքենաները:

«Ընդհանուր առմամբ, վարորդները դեռեւս ձեռնպահ են մնում այս ճանապարհով երթեւեկելուց: Վերանորոգման աշխատանքների ավարտից եւ ասֆալտապատումից հետո այս մայրուղում անխափան երթեւեկություն կապահովվի: Ներկայումս աշխատանքներ են տարվում Սատանի կամրջի տարածքում Տաթեւ-Լծեն շրջանցիկ ճանապարհի կառուցման ուղղությամբ: Մինչեւ տարեվերջ այստեղ հողային ճանապարհ կլինի»,- հայտնեց փոխվարչապետը: