Նոր Զելանդիայի թանգարաններից մեկի պահեստներում գիտնականները հսկա նախապատմական պինգվինների մինչ այդ անհայտ տեսակի մնացորդներ են հայտնաբերել: Նոր տեսակն իր ցեղակիցներից տարբերվում է անսովոր երկար ոտքերով եւ մոտ մեկուկես մետր հասակով: Գտածոն նկարագրող հոդվածը հրապարակվել է Journal of Vertebrate Paleontology-ում:

«Արտաքինից այս պինգվինները նման են արդեն բացահայտված կայրուկուին, բայց նրանց ոտքերը շատ ավելի երկար են: Դրա շնորհիվ նրանք նկատելիորեն ավելի բարձր են, քան կայրուկուն: Մենք ենթադրում ենք, որ երկար ոտքերը օգնել են արագ լողալ կամ խորը սուզվել»,- ասել է աշխատանքի հեղինակներից մեկը՝ Մեսսիի համալսարանի ավագ գիտաշխատող Դանիել Թոմասը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Անցած կես դարի ընթացքում գիտնականները հայտնաբերել են նախապատմական պինգվինների մի քանի տասնյակ տեսակների մնացորդներ: Նրանց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ թռչունների այս ընտանիքի առաջին ներկայացուցիչներն անսովոր խոշոր են եղել: Մասնավորապես, կայրուկու (Kairuku grebneffi) եւ կումիմանու (Kumimanu biceae) պինգվինները, որոնք Նոր Զելանդիայի տարածքում ապրել են 27 եւ 59 միլիոն տարի առաջ, 1,3 եւ 1,8 մ հասակ են ունեցել եւ կշռել են մոտ 60-100 կգ:

Թոմասը եւ նրա գործընկերները կայրուկուի ամենամոտ հարազատներից մեկի բրածոները պատահաբար գտել են Հեմիլթոն քաղաքի հնագիտական թանգարանի պահեստները ուսումնասիրելիս: Գիտնականների ուշադրությունը գրավել է նստվածքային ապարների բլոկը, որը հայտնաբերվել է դեռեւս 2006 թվականին՝ նորզելանդացի դպրոցականների կողմից: Պարզվել է, որ դրա ներսում հնագույն թռչնի ոսկորներ են, որոնք թանգարանի պահապանները վերագրել են հին պինգվինների արդեն ուսումնասիրված տեսակների:

Ինչպես գիտնականներն են ենթադրում, Kairuku waewaeroa-ի վերջույթների անսովոր կառուցվածքն օգնել է նրանց ավելի արագ լողալ եւ խորը սուզվել, ինչպես նաեւ ցամաքում իրենց ցեղակիցներից ավելի ակտիվ տեղաշարժվել: Այս առումով, ինչպես նշում են հետազոտողները, «երկարոտն սոզորդն» ավելի նման է ժամանակակից պինգվիններին, ինչը պոտենցիալ կերպով մատնանշում է անատոմիական այս առանձնահատկության կարեւոր դերը փետրավորների այս ընտանիքի գոյատեւման եւ զարգացման հարցում: