Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի եւ Պակիստանի արտգործնախարարները ՇՀԿ եւ ՀԱՊԿ գագաթնաժողովների շրջանակում քառակողմ հանդիպման ժամանակ հաստատել են Աֆղանստանում ազգային հաշտեցման հասնելու անհրաժեշտությունը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

«Սեպտեմբերի 16-ին Դուշանբեում ՇՀԿ եւ ՀԱՊԿ գագաթնաժողովների շրջանակում տեղի ունեցավ Ռուսաստանի, Չինաստանի, Պակիստանի եւ Իրանի քառակողմ հանդիպումը՝ Աֆղանստանում տիրող իրավիճակի վերաբերյալ: Իրականացվել է Աֆղանստանում խաղաղության, կայունության եւ անվտանգության խթանման հարցերով մոտեցումների համադրում, եւ հաստատվել է այս երկրում ազգային հաշտեցման հասնելու անհրաժեշտությունը», - ասվում է հայտարարության մեջ:

Թալիբները լայնածավալ գործողություն են սկսել Աֆղանստանի վրա վերահսկողություն հաստատելու համար` այնտեղից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին հայտարարությունից հետո: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին օգոստոսի 15-ին վայր է դրել լիազորությունները, եւ թալիբներն առանց դիմադրության մտել են Քաբուլ: Սեպտեմբերին նրանք հայտարարել են երկրի ամբողջ տարածքի վրա վերահսկողություն հաստատելու մասին, ինչպես նաեւ հայտարարել են  ժամանակավոր կառավարության կազմը, որում ընդգրկվել են բացառապես շարժման անդամներ, հիմնականում՝ երկրի ամենամեծ էթնիկ խմբի՝ փուշտուների ներկայացուցիչներ: