Արցախից տեղահանված բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում կառավարության շենքի դիմաց:

«Հանուն Հադրութի» ՀԿ գործադիր մարմնի նախագահ Լևոն Հայրյանը լևրագրողների հետ զրույցում նշեց. «Մեր շարժումն ու այսօրվա հավաքը միակողմանի չէ, մեր հարցերը եւ քաղաքական են, եւ կենցաղային, եւ անձնական: Այս ամենը առաջացել է նրանից, որ մենք երբ 4-5 ամիս առաջ իմացել ենք ՀՀ եւ Արցախի կառավարությունների ծրագրերի մասին, որ ուզում են մեզ բնակարաններով ապահովել, դիմեցինք որ բնակարանային ծրագրերն իրականացնելիս մեր կարծիքները հաշվի առնեն: Մեր առաջին նամակներին երկու ամսից ավել պատասխան չեկավ:

Քանի որ առաջին ամիսը համընկավ ընտրությունների հետ, մենք ոչինչ չասացինք, որ չասեն, թե արցախցիներն իրենց խնդիրներով խառնվում են հայաստանյան ընտրություններին: Ընտրություններից եւս մեկ ամիս անց ասացինք՝ ինչու չեք պատասխանում մեր նամակներին: Երբ ասացինք, որ կհրապարակենք մեր նամակները, երեք օրից պատասխան տվեցին, որը բովանդակային առումով ոչ մի կապ չունեին մեր նամակ-խնդրանքի հետ:

Դրանից հետո սկսեցինք պահանջել, որ հաշվի առնեն մեր կարծիքը: Կոնկրետ հադրութցիներն իրականում մի քիչ մեզ համեստ ենք պահում, կառավարության վիճակն էլ վիճակ չի, ավելորդ սրացումներից փորձել ենք հեռու մնալ, աշխատելով խորհուրդներով, նամակներով աջակցել»:

Նա հավելեց. «Հայաստանում շինարարության ոլորտում մեծ կոռուպցիա կա, եւ եթե ասենք X գումարով կարելի էր մեծ մասին ապահովել, այդ գումարի կեսը շինարարության ընթացքում փոշիանալու է: Երկրորդ, ենթադրենք ես այս պահին չեմ ուզում բնակարան գնել, ուզում եմ այգի կամ ֆերմա գնել, աշխատեմ այդ եկամուտով բնարական ձեռք բերեմ: Ինձ թվում է, որ մեր իշխանությանը առաջին հերթին հետաքրքրել է այդ շինարարության բիզնեսի պրոցեսում առաջացող փողերը»:

Նշենք, որ ակցիայից հետո նրանք երթով կգնան ՄԱԿ-ի գրասենյակ՝ նամակ հանձնելու նպատակով։ Հետո ակցիան կշարունակեն Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան շենքի մոտ։ Նախատեսվում է, որ ակցիային կմասնակցեն Հադրութից, Շուշիից, Քաշաթաղից ու այլ շրջաններից տեղահանված բնակիչները։