Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա իրականացնող արցախցի տղամարդը Հայաստանի իշխանություններից պահանջում է վերահսկել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին։

«Արցախում նորից կոռուպցիան լայն թափ է ստացել։ Մեծ հույս չունենք Հայաստանի իշխանություններից, քանի որ մենք ներկայացրել ենք, թե ինչ սոցիալական անարդարություն է տեղի ունենում Արցախում։ Արցախի նախագահը ոնց որ եղել է... համ հին է, համ նոր է, նորից իր գործը շարունակում է»,-ասում է տղամարդը։

Նրա խոսքով, պարտություն կրած Արցախում որոշել են բնակիչներին փոխհատուցում տալ մի պարզ պատճառով. «Արաքսի ափից մինչև Քարվաճառ սաղ եղել է Արայիկ Հարությունյանինը՝ արտերը, այգիները, ՀԷԿ-երը, գործարանները: Սա էլ սոցիալական անարդարություն է: Ասում են՝ 100-ին մոտ գյուղտեխնիկայի փոխհատուցում են տվել, հարցնում ենք՝ ում, ոչինչ չեն հանրայնացնում: Անհատական զանգերով են օգնում: Այն քաղաքացիները, որոնք աշխատանք են ունեցել, մինչ այսօր իրենց գումարները ստանում են, իսկ սովորական գյուղացիները մի կոպեկ գումար չեն ստանում»,-ասաց հադրութցի տղամարդը՝ հավելելով, որ Արցախի գյուղերի բնակիչները զրկված են սոցիալական օգնությունից, չեն օգտվում աջակցության որևէ ծրագրից։