Հայաստանի ՄԱԿ ներկայացրած հայցը Ադրբեջանի դեմ ճիշտ էր եւ տրամաբանական։ Այս մասին Ազգային ժողովում սեպտեմբերի 17-ին, ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

Խորհրդարանականի կարծիքով՝  դա կարելի էր շատ ավելի շուտ անել։

Նա նաեւ նշեց, որ Հայաստանն իր հայցում կարող էր եւ պետք է նշեր նաեւ Թուրքիայի դերը Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմում։

«Ամբողջ պատերազմի ընթացքում քանիցս խոսվել է Թուրքիայի ուղղակի ներգրավվածության մասին մարտական գործողություններում, ինչպես նաեւ ռազմական հանցագործությունների մասին»,- հիշեցրեց պատգամավորը։

Միեւնույն ժամանակ, պատգամավորը դժգոհեց, որ հայկական իշխանությունների հանրային ելույթները Ադրբեջանի հասցեին միշտ չէ, որ համապատասխանում են ներկայացված հայցի բովանդակությանը։

«Նրանց գնահատականները կարող էին շատ ավելի կոշտ լինել»,- նշեց Վարդեւանյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանը ՄԱԿ հայց է ներկայացրել ընդդեմ Ադրբեջանի կողմից իրականացվող ռասայական խտրականության։ Հայցում, մասնավորապես, ասվում է, որ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ հայերին ենթարկել է ռասայական խտրականության, որն արտահայտվել է զանգվածային սպանություններով, կտտանքներով եւ այլ խախտումներով։