Շաքարը վաճառում են սահմանափակ քանակությամբ, որովհետեւ տնտեսվարող սուբյեկտները քիչ ունեն այդ ապրանքից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում սեպտեմբերի 17-ին ասաց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավար Գեղամ Գեւորգյանը։

Նրա խոսքով՝ այժմ հանձնաժողովն ուսումնասիրում է թռչնամսի եւ բուսայուղի շուկայի կառուցվածքը։

«Կարագը եւ շաքարը նույնպես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում։ Շուտով կներկայացվեն մոնիթորինգի արդյունքները։ Եթե նայենք միտմանը, ապա կարելի է տեսնել, որ գները որոշ ժամանակ առաջ ընկել էին։ Նույն խնդիրը շաքարի հարցում նկատվում է ԵԱՏՄ ամբողջ տարածքում։ Մենք սպասվող սահմանափակումների մասին ասում էինք դեռեւս մեկ տարի առաջ, ասում էինք, որ կորոնավիրուսից հետո կնկատվի մթերքի խիստ դեֆիցիտ։ Մեր կանխատեսումները իրականացան։ Կա նաեւ մատակարարումների հետ կապված խնդիր, ինչը նույնպես կապված է կորոնավիրուսի հետեւանքների հետ։ Այս խնդրին բախվել են բոլորը»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է շաքարի գնին, ապա այն, ինչպես բացատրեց պաշտոնյան, պարբերաբար բարձրանում եւ իջնում է։ «Բայց եթե գները շուկայական են, ապա ամեն բան նորմալ է, ամեն բան կարգին է։ Ես հասկանում եմ, որ մարդիկ ցանկանում են մթերքները ձեռք բերել ավելի մատչելի գներով, բայց այդ հարցը մեր լիազորությունների շրջանակից դուրս է»,- ավելացրեց Գեղամ Գեւորգյանը։