Զոհված զինծառայողների ծնողները իրենց զոհված զավակների, հարազատների նկարներով հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ համերգի համար տեղադրվող բեմի դիմաց, որպեսզի պահանջենք կառավարությունից չեղյալ հայտարարել սեպտեմբերի 21-ին նախատեսված համերգը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգմավոր Գեղամ Նազարյանը, որի որդին եւս զոհվել է 44-օրյա պատերազմում, լրագրողների հետ զրույցում ասաց. «Հերոս տղերքի ծնողները կոչ արեցին այդ գունագեղ շոուն չեղարկել: Դրանից հետո արձագանքը այն եղավ, որ վերանայվեցին ինչ-ինչ բաներ, ասենք հրավառությունը հանեցին, ուրախ կատարումներ հանվեցին: Խնդիրն այն է, որ Սեպտոեմբերի 21-ը գունագեղ շոուներով չպետք է նշվի՝ անկախ նրանից, թե ինչ երաժշտություն է հնչում: Այսպիսի մեծածավալ միջոցառումներով չպետք է նշվի, որտեղ ծախսելու են 2 մլն դոլարից ավելի: Պատերազմի սկզբի առաջին տարելիցից ընդամենը 6 օր է մնում, երբ ունենք գերիներ անհետ կորած հարյուրավոր տղերք, որոնց մասունքները դեռ փնտրում են, այս իրավիճակում այսպիսի մեծածաբվալ շոու կազմակերպելն անընդունելի է: Շատ ծնողներ ավելի ծայրահեղ են մոտենում, ասում են՝ որեւէ տեսակի միջոցառում չպետք է լինի: Դա էլ կարելի է հասկանալ: Իրենք կարող էին խորհրդակցել հերոս զոհված տղերքի ծնողների հետ, գերիների ծնողների հետ, հարցնելով, թե ինչ են մտածում այս ամենի մասին»,-ասաց Նազարյանը՝ հավելելով, որ որեւէ մեկը չի ասում, որ անկախության օրը չպետք է նշվի:

Գեղամ Նազարյանի խոսքով, պետք է բոլորովին այլ ձևաչափով կազմակերպել անկախության տոնը:
«Փորձ արվեց աշխարհին և հարևան երկրներին ասել՝ գիտեք, այս ժողովուրդը մոռացել է ամեն ինչ, հաշտվել է առկա իրողությունների հետ, հիմա էլ քեֆ-ուրախություն է անում: Ճնշումների հետևանքով հրավառությունը հանվեց, մնաց սիմֆոնիկ երաժշտությունը, բայց …: Եթե ծնողների ընդվզումը չլիներ, քեֆ-ուրախություն էին անելու»,- ասաց նա: 

Գ. Նազարյանն ասաց՝ այսօր շատ հերոս տղաների մայրեր պատրաստվում են երեխա ունենալ, հենց այդպես է կյանքը շարունակվում, ոչ թե հիմար ու ռաբիս հրավառությամբ: 

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ եղբայր զոհվել է հոկտեմբերի 24-ին, հիմա Եռաբլուրում է իր ընկերների մոտ:

«Բացի եղբորս կորստից, կորցրել եմ իմ հայրենիքը, իմ հայրենի քաղաքը, որտեղ կյանքի 20 տարիներն եմ անցկացրել: Իմ եղբայրը պաշտպանելով մեր քաղաքը՝ նրա գործն էլ, սուրբ պարտքն էլ դարձավ առ ոչինչ:

Հիմա այսօր ներկա իշխանությունը փորձում է բոլորի հիշատակը պղծել՝ բարձրաձայնելով, որ նրանց հիշատակի առթիվ կազմակերպում է գունագեղ տոնախմբություն: Իհարկե, կարող էին կազմակերպել ինչ ուզում էին, թող անեին, բայց ոչ զոհվածների հիշատակը պղծելով: Իրենք ծիծաղում են մեզ վրա, իրենք այդ շիրիմների, անշիրիմ մնացած տղաների հիշատակը ծաղրում են, անարգում են, որերորդ անգամ պղծում են, ինչն անթույլատրելի է»,- ասաց նա:

Զոհված զինծառայողի քույրը հայտնեց, որ վաղը ժամը 15:00-ին Շառլ Ազնավուրի հրապարակից մեկնարկելու է իրենց բողոքի ակցիաները՝ ընդդեմ սեպտեմբերի 21-ի տոնախմբությանը։