Տարբեր երկրներից հետազոտողներից կազմված խումբը պարզել է, որ Եվրասիայում Յամնայա մշակույթի ներկայացուցիչների զանգվածային գաղթերը կարող են կապված լինել նրանց կողմից կաթնամթերքի օգտագործման սկզբի հետ: Հետազոտությունը հրապարակվել է Nature ամսագրում:

Յամնայա մշակույթի անասնապահները առաջիններից էին, ովքեր հաստատվել են Եվրասիայի տափաստաններում: Սամարայի համալսարանի գիտնականները Ռուսաստանի, Ղազախստանի, Գերմանիայի, Շվեյցարիայի եւ ԱՄՆ-ի գիտնականների հետ միասին վերլուծել են Պոնտա–Կասպիական տափաստանում էնեոլիթի (մ.թ.ա. 4600-3300 թթ.), վաղ (մ.թ.ա. 3300-2500 թթ.) եւ միջին բրոնզի (մ.թ.ա. 2500-1700 թթ.) դարաշրջաններում ապրած 56 մարդու ծնոտի մնացորդների ատամնաքարերի սպիտակուցների ամբողջությունը:  

Էնեոլիթի շրջանի մարդկանց ավելի քան 90 տոկոսի մոտ բացակայել են կաթնամթերքի օգտագործման հետքերը: Իսկ վաղ բրոնզի դարաշրջանի մարդկանց ճնշող մեծամասնությունը, անկասկած, կաթ է խմել եւ օգտագործել է կաթից պատրաստվող մթերքներ:

«Տարբեր տեսակների կաթի սպիտակուցների կազմի տարբերությունները աննշան են: Այնուամենայնիվ, դրանք կարող են մեզ թույլ տալ պարզել, թե որ կենդանիներից է ստացվել նրանց օգտագործած կաթը», - բացատրել է հետազոտության հեղինակ Շեւան Վիլկինը: Պարզվել է, որ բացի կովերի, ոչխարների եւ այծերի կաթից, մարդիկ խմել են նաեւ ձիու կաթ:

Սպիտակուցներով հարուստ կաթը, որը նաեւ հեղուկի լրացուցիչ աղբյուր էր, կարեւոր նշանակություն է ունեցել չոր տափաստաններում եւ հնարավորություն է տվել գաղթել այդ տափաստաններով: