Ավստրալիայի ոստիկանությունը Սիդնեյում եւ Մելբուռնում բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 260 մարդու է ձերբակալել, հայտնել է ABC News-ը:

«Գործողությանը ներգրավված է եղել ավելի քան 1.7 հազար ոստիկան, այդ թվում՝ հատուկ նշանակության ծառայությունների, ճանապարհային եւ հեծյալ ոստիկանության աշխատակիցներ: Ավելի քան 1.5 հազար ոստիկաններ դուրս են եկել Սիդնեյի փողոցներ, որտեղ զանգվածային ակցիաներ են նախատեսված եղել սանիտարական սահմանափակումների եւ պատվաստումների դեմ: Քաղաքի մի քանի շրջաններում հասարակական տրանսպորտը դադարեցվել է, տաքսի ծառայություններին արգելվել է ուղեւորներ տեղափոխել կենտրոնական բիզնես թաղամաս», - հայտնել են Նոր Հարավային Ուելսի ոստիկանները:

Մելբուռնում բողոքի ցույցերի ժամանակ 235 մարդ է ձերբակալվել, եւս 193-ը տուգանվել են հասարակական կարգի եւ սանիտարական պահանջների խախտման համար:

Քաղաքի կենտրոնական փողոցներով երթ անցկացնող ցուցարարները ջրով լի շշեր եւ քարեր են նետել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ: Ի պատասխան՝ ոստիկանները պղպեղի գազ են օգտագործել, 10 ոստիկան վիրավորվել է, 6-ը՝ հոսպիտալացվել: