Իսպանիայի Վալենսիա քաղաքում 15-ամյա դեռահասը 2 ամսով հայտնվել է հիվանդանոցում Fortnite տեսախաղից կախվածության պատճառով, տեղեկացնում է The Independent-ը։

Սա աշխարհում տեսախաղերից կախվածության պատճառով անչափահասի հոսպիտալացման առաջին կլինիկական դեպքն է։ Նման դեպքեր նախկինում էլ էին հանդիպել, բայց պացիենտները 18-ից բարձր տարիքի էին։

Դեռահասը տեսախաղերով զբաղվում էր օրական 20 ժամ, պառկում քնելու առավոտյան ժամը 5-ին, դպրոց չէր գնում եւ դադարել էր շփվել ընկերների հետ։ «Կախվածությունը սկսել էր նմանվել հերոինից, կոկաինից եւ քիմիական այլ նյութերից կախվածության»,- ասել է հոգեբույժ Մաթիաս Ռեալ-Լոպեսը։

Բժիշկը նշել է, որ կոնսոլից կախվածությունը խորացել է ազգականի մահվանից հետո։ Դեռահասին հիվանդանոց են տարել լիակատար դետոքսիկացիայի համար։ Փորձագետները նշում են, որ տեսախաղերն ինքնին վտանգ չեն ներկաացնում, բայց դրանց պաթոլոգիական օգտագործման դեպքում կան ռիսկի գործոններ։