Տղամարդը Վարշավայի կենտրոնում բուժաշխատողների բողոքի ցույցի ժամանակ վիրավորում է ստացել, որը դարձել է նրա մահվան պատճառ, տեղեկացնում է Reuters-ը։

Միջադեպը  տեղի է ունեցել վրանաճամբարում, որը բուժաշխատողները սարքավորել էին մեկ շաբաթ առաջ կառավարության շենքի առջեւ բողոքի ցույցից հետո։ Ինչ-որ պահի կրակոց լսվեց, մամուլի ասուլիսն ընդհատվեց։

«Ժամը մոտ 10։20-ին մենք տեղեկություն ստացանք կատարվածի մասին, 70-ամյա տղամարդը դեմքի վնասվածքներով հասցվել էր հիվանդանոց։ Նրան փրկել չհաջողվեց»,- տեղեկացրել է իրավապահ մարմինների ներկայացուցիչ Ռաֆայել Ռետմանյակը։

Լեհաստանի բուժաշխատողները հանրահավաքներ են կազմակերպում, որպեսզի հասնեն աշխատանքի պայմանների բարելավման, հավելյալ արձակուրդների, նվազագույն բազային աշխատավարձի սահմանման կարգի մասին օրենքում փոփոխություններ մտցնելու եւ աշխատավարձը միջին եվրոպականի չափին հասցնելու համար։