Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, տեղի ունեցավ Թումո Գյումրիի վերակառուցված շենքի պաշտոնական բացման, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի 10-ամյակին և «Թումո Հայաստան» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառում, որին ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ կառավարության անդամներ, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ՝ գլխավորությամբ Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի, Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռուբեն Սանոյանի, Հայաստանում միջազգային կառույցների ներկայացուցիչներ և այլք: Այս մասին  հայտնում են Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:

Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանն, իր խոսքում ներկայացրեց «Թումո Հայաստան» ծրագիրը, որի նպատակն է, Թումոյի առաջատար կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի և Արցախի բոլոր պատանիներին: Առաջիկա տարիներին նախատեսվում է մարզերի խոշոր քաղաքներում ունենալ տեխնոլոգիաներով հագեցած 16 Թումո կենտրոն, իսկ փոքր համայնքներում 110 Թումո տուփ, որոնց միջոցով ծրագիրը հասանելի կդառնա 80 հազար պատանու` ողջ երկրով մեկ:

Նախաձեռնությանը միացած Եմենիջյան ընտանիքը նվիրաբերել է 10 միլիոն դոլար, որն օգտագործվելու է Վանաձորում, Կապանում, Կողբում Թումո կենտրոններ կառուցելու, ինչպես նաև դրանց և ներկայիս Թումո կենտրոններին կապված տուփեր տեղադրելու համար: Մնացյալ 40 միլիոն դոլարը հավաքելու նպատակով Թումոն հայտարարում է միջազգային դրամահավաք։ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը ու Էլի և Էլզբիեթա Աքիլյանները՝ յուրաքանչյուրը երաշխավորել են կրկնապատկել արշավի առաջին երկու տարիների ընթացքում հավաքված 10-ական միլիոն դոլարը։ Այսպիսով, 10 միլիոն դոլար մեկնարկային ներդրումով, 20 միլիոն դոլար դրամահավաքով և 20 միլիոն դոլար կրկնապատկումով նախաձեռնությունը մտնում է գործնական փուլ։