Գվինեայի համախմբման եւ զարգացման ազգային կոմիտեն հայտարարել է, որ թույլ չի տա իշխանազրկված նախագահ Ալֆա Կոնդեին հեռանալ երկրից այն բանից հետո, երբ այլ երկրների ներկայացուցիչները փորձել են ճնշում գործադրել, որպեսզի հասնեն նրա ազատ արձակմանը այս ամսվա սկզբին պետական հեղաշրջումից հետո, տեղեկացնում է Associated Press-ը։

Այս որոշման վերաբերյալ պարզաբանումներ տրվել են CNRD ղեկավար, գնդապետ Մամադի Դումբույայի ստորագրած հայտարարության մեջ, որը կարդացվել է ազգային հեռուստատեսությամբ սեպտեմբերի 17-ի երեկոյան։

«Հակառակ պտտվող լուրերի, որոնք տեղեկացնում են CNRD-ի եւ Արեւմտաաֆրիկյան պետությունների տնտեսական ընկերակցության [ԱԱՊՏԸ] միջեւ բանակցությունների մասին առ այն, որ հնարավոր է [Գվինեայի] տարածքից հանրապետության նախկին նախագահի մեկնումը, CNRD-ն եւ նրա ղեկավար, գնդապետ Մամադի Դումբույան ցանկանում են հավաստիացնել ազգային եւ միջազգային հանրություններին այն մասին, որ հանրապետության առաջին նախագահ Ալֆա Կոնդեն կմնա Գվինեայում»,- ասվում է հայտարարությունում։

Զիվորականները նաեւ ընդգծել են, որ չեն ենթարկվի այլ երկրների ներկայացուցիչների որեւէ ճնշման, որոնք հորդորում են բաց թողնել Կոնդեին, եւ հայտարարել են, որ նրա ազատ արձակման մասին «խոսք լինել չի կարող»։ Նրանց խոսքով՝ իրենք թույլ չեն տա նախկին նախագահին հեռանալ եւ ապրել արտասահմանում։ Ընդ որում՝ Կոնդեն կստանա մարդասիրական վերաբերմունք՝ «արժանի երկրում նրա կոչմանը»։