Փարիզի Թրոկադերո հրապարակում տեղի է ունենում բողոքի հերթական ակցիան ընդդեմ սանիտարական անցագրերի։ Ցույցին մասնակցում է մի քանի հազար մարդ, նրանցից շատերի ձեռքին պաստառներ են համավարակի պատճառով գործող սահմանափակումները չեղարկելու կոչով՝ ուղղված իշխանություններին, տեղեկացնում է AFP-ն։

Բողոքի ակցիան կազմակերպվել է «Հայրենասերներ» կուսակցության ղեկավար եւ 2022թ. Ֆրանսիայի նախագահի ընտրություններում հավանական թեկնածու Ֆլորիան Ֆիլիպոյի կողմից։

«Որտեղ էլ որ ապրելիս լինեք, դուրս եկեք ցույցի այսօր։ Չեմ կարծում, թե մենք իրավունք ունենք երկիրն այսպիսի վիճակով փոխանցել ապագա սերունդներին։ Մենք պարտավոր ենք պայքարել մեր իրավունքների համար»,- դիմել է քաղաքական գործիչն իր կողմնակիցներին։

Ոստիկանության վարչությունը հանրահավաքների շեմին կարգադրել էր ուժեղացնել անվտանգության միջոցները մարդկանց զանգվածային կուտակման վայրերում։