Ավստրալիան կդիտարկի Միացյալ Նահանգներից կամ Մեծ Բրիտանիայից առաջիկայում պատրաստի սուզանավեր գնելու կամ վարձակալելու հնարավորությունը, կիրակի հայտնել է Ավստրալիայի ՊՆ Փիթեր Դաթոնը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Sky News Australia-ին տված հարցազրույցում նախարարը տեղեկացրել է, որ երկիրը դիտարկում է այդ հնարավորությունը, որպեսզի սկսի իր նավատորմի վերազինումը՝ չսպասելով առաջին ատոմային նավերին, որոնք կկառուցվեն Ադելաիդայում մինչեւ 2036 թվականը: «Ես արդեն հանդիպել եմ այստեղ՝ ԱՄՆ-ում, մի շարք գործընկերների հետ, այդ թվում՝ նրանց հետ, որոնք կայացնում են այդպիսի որոշումներ, եւ հետագայում մենք կանցկացնենք համապատասխան խորհրդակցություններ Մեծ Բրիտանիայում»,-ասել է Դաթոնը:

Նախարարը հերքել է տեղեկատվությունը, որ Ավստրալիայի իշխանությունները միտումնավոր կերպով մոլորեցրել են իրենց ֆրանսիացի գործընկերներին դիզելային սուզանավեր կառուցելու մասին համաձայնագրի շուրջ, որը կնքվել է երկու երկրների միջեւ 2016 թվականին: «Մենք անկեղծորեն խոսել ենք խնդիրների եւ այն մասին, որ մեզ անհրաժեշտ է գործել ի նպաստ մեր ազգային շահերի՝ հաշվի առնելով Խաղաղ-Հնդովկիանոսյան տարածաշրջանում փոփոխվող հանգամանքները: Ենթադրությունը, որ Ավստրալիայի կառավարությունը չի հայտնել այդպիսի մտավախություններ, պարզապես մարտահրավերային է, անկեղծ ասած, այդ տեղեկատվությունը հասանելի է բոլորին, այն է, ինչի մասին մենք հրապարակավ խոսել ենք երկար ժամանակ»,-ընդգծել է Դաթոնը:

Սեպտեմբերի 15-ին Ավստրալիան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ն հայտարարել են անվտանգության ոլորտում նոր գործընկերություն (AUKUS) ստեղծելու մասին: Համաձայնագրի շրջանակում Ավստրալիան, մասնավորապես, պատրաստվում է ամերիկյան տեխնոլոգիաների օգնությամբ կառուցել առնվազն ութ ատոմային սուզանավ, որոնք կսկսեն հերթապահությունը 2036 թվականից, ինչպես նաեւ պատրաստվում է վերազինել իր զինված ուժերն ամերիկյան թեւավոր հրթիռներով: Այդ պատճառով Կանբերան լուծարել է Ֆրանսիայի հետ իր պատմության մեջ ամենախոշոր ռազմական պայմանագիրը, որն իր հերթին անվանել է այդ որոշումը «հարված մեջքին» եւ հետ է կանչել իր դեսպաններին Ավստրալիայից ու ԱՄՆ-ից խորհրդակցությունների համար: