Բրիտանացի խորհրդարանականները հայտարարել են, որ Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնն անփույթ վերաբերմունք է ցուցաբերում ազգային անվտանգության հարցերի շուրջ, որ ներկայիս կառավարությունն ի զորու չէ հաղթահարել միաժամանակ մեկ ճգնաժամից ավելին: Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի Ազգային անվտանգության ռազմավարության հարցերով միավորված հանձնաժողովի զեկույցին, որում ներառված են Համայնքների պալատի եւ Լորդերի պալատի ներկայացուցիչները:

Հաշվետվության մեջ ասվում է, որ Բրիտանիայի Ազգային անվտանգության խորհուրդը կորոնավիրուսի համավարակի պատճառով ոչ պարբերաբար է նիստեր հրավիրում, իսկ դրանք փոխարինող «իրավիճակային հանդիպումներն ու իմպրովիզները» լուրջ սխալ են: Որպես օրինակ՝ փաստաթղթում նշվում է իրավիճակն Աֆղանստանում, որտեղից տարհանվել են Բրիտանիայի ենթականերն ու աֆղանցիները, որոնք օգնել են նրանց ռազմական արշավի 20 տարիների ընթացքում: Զեկույցի հեղինակները պնդում են, որ այս կառավարությունը չի կարող պատրաստվել եւ լուծել ազգային անվտանգությանը սպառնացող երկու ճգնաժամ միաժամանակ:

Նրանք նաեւ կարծում են, որ այժմ Ջոնսոնը կանցկացնի, կոպիտ հաշվարկով, 65 տոկոսով պակաս ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի եւ դրա կառուցվածքի նիստերին, ինչը հետքայլ է, որը ենթադրում է առավել անփույթ մոտեցում ազգային անվտանգության նկատմամբ:

Ջոնսոնի ներկայացուցիչն, իր հերթին, հայտարարել է, որ քաղաքական գործիչն ամբողջովին միտված է Բրիտանիայում մարդկանց համար ավտանգությունն ապահովելուն: Որպես այդ ոլորտում վերջին ձեռքբերում՝ նա հիշատակել է Ավստրալիայի եւ ԱՄՆ-ի հետ նոր գործընկերության շուրջ համաձայնագիրն (AUKUS) անվտանգության ոլորտում: