Իրանը լիահույս է, որ Հայաստանի Սյունիքի մարզում ադրբեջանցիների կողմից բերման ենթարկված իրանական բեռնատարների վարորդներն անհապաղ ազատ կարձակվեն: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն, հաղորդում է Irna-ն:

«Իրանը հետեւում է իրավիճակի զարգացմանը եւ լիահույս է, որ իրանցի վարորդներն անհապաղ ազատ կարձակվեն: Լիահույս ենք, որ երկու երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպումը փոփոխություններ կմտցնի»,-հայտարարել է Խաթիբզադեն՝ չպարզաբանելով, թե որ հանդիպման մասին է խոսքը:

Նա ընդգծել է հարեւան երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ Իրանի քաղաքականությունը: Խաթիբզադեն հայտարարել է, որ Իրանը կփորձի բալանսավորված կերպով օգտագործել իր հնարավորությունները հարեւան երկրների նկատմամբ:

Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 15-ին Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Որոտան գյուղի մոտ, որտեղ ադրբեջանցիները հաստատել են ոստիկանական կետեր: Վարորդներին մեղադրել են բեռները դեպի Ստեփանակերտ տեղափոխելու մեջ: Իրանցիները հասցրել են հեռախոսով հայտնել, որ նրանց բերման են ենթարկել, ինչից հետո կապը խափանվել է: