Իրենք արյունով գնեցին մեր երկիրը, մենք թանաքով մատնեցինք այն: Այս մասին Իջևանի զորամասում հուշապատի բացման և խաչքարի օծման արարողության ժամանակ իր ելույթում նշել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ընտրված չէ նա, ով ինքն իրեն է գովում, ընտրված է նա, ում տերն է գովում: Այսօրվա ավետարանական սուրբ գրային պատգամն է, որն առավել քան համապատասխանում է եւ հնչում է կարծես հենց այսօրվա, այս խորհրդի համար: Մենք հավաքված ենք մեր հերոսական գնդում ընծայելու այս հուշապատը մեր սիրելի եղբայրներին: Ոչ միայն նրանց հիշատակին, այլ նրանց կյանքին, եւ նրանց կյանքի միջոցով մեր կյանքին: 

Սա երրորդ հուշապատն է, որ մենք ընծայում ենք մեր բանակային կորպուսում: Այս բոլորը նախաձեռնվել են զորամիավորման նախկին հրամանատար գեներալ Գրիգորի Խաչատուրովի կողմից: Որպեսզի մեր տղաները հավերժ խոսեն մեզ հետ, որպեսզի ոչ իրենք լռեն, ոչ էլ մենք լռեցնենք իրենց, որովհետեւ իրենց ներկայությունը վախ, սարսափ, պատասխանատվություն, քաջություն, խիզախություն, անմահություն, հերոսություն. Այս բոլորն են սփռում մեզ: Դժբախտաբար այս բոլոր բառերը, արտահայտությունները, դժբախտաբար տկարացել ու թուլացել են այսօր։ Այսօր մնացել են միայն նրանց պատրանքները, երբեմն կեղծ ձևակերպումները, բայց իրականության հետ հեռավոր աղերս ունեն:

Իրենք հրամանատարների ղեկավարությամբ, գնացին նահատակության փառքի պսակը ստանալու, ես աչքերովս տեսել եմ այդ հերոսականությունը։ Հաղթեցին թշնամուն, այն նույն թշնամուն, որի մասին առեղծվածներ են հյուսում։ Հաղթեցին այդ նույն թշնամուն, այդ նույն զինտեխնիկայով։

Այո, այսօր հիշատակի օր է, բայց «հիշատակը» չի նշանակում միայն անցյալի, մեր տղերքի գործածի մասին խոսել։ «Հիշատակը» նշանակում է նաև ուխտ կնքել նրանց առջև, թե ինչ գործողություններ ենք մենք անելու։ Ուխտ, երդում, վկայություն թող լինի այս հուշապատը՝ Հայրենիքի ամբողջականության, ծվեն-ծվեն չլինելու, փախուստ չտալու, խաբկանքներ ու պատրանքներ չփայփայելու։

Սա է պատգամը այսօրվա մեր հերոսների»։

Առավել մանրամասն՝ տեսանյութում