Մենք փոխադարձ առեւտրի եւ ներդրումների տեմպերի ավելացման լուրջ ներուժ ունենք, եւ Հայաստանը կկարողանա նորովի բացահայտել ներդրումային հնարավորությունները Ռուսաստանից: Այս մասին Երեւանում հայ-ռուսական գործարար համաժողովի բացման ժամանակ ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Նրա խոսքով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի առեւտրաշրջանառությունը 2021 թվականի առաջին կիսամյակում աճել է 17.2 տոկոսով:

«Սակայն անհրաժեշտ է աշխատել փոխադարձ առեւտրի դիվերսիֆիկացման եւ նոր ներդրումների ներգրավման ուղղությամբ: Դա անելու համար մենք կարող ենք եւ պետք է օգտվենք ռուսական ինստիտուցիոնալ կառույցների հնարավորություններից, ինչպիսիք են Ռուսաստանի արտահանման կենտրոնը եւ այլն: Մենք լուրջ ներուժ ունենք փոխադարձ առեւտրի եւ ներդրումների տեմպերի ավելացման համար»,- ասել է նա:

Օվերչուկը նշել է, որ այս ֆորումում Հայաստանը կկարողանա նորովի բացահայտել փոխգործակցության հնարավորությունները Ռուսաստանի հետ առեւտրի եւ ներդրումների, էներգետիկայի, մեքենաշինության, տրանսպորտի, տեղեկատվական եւ կապի տեխնոլոգիաների ոլորտում. «Ռուսական ընկերությունները պատրաստ են դիտարկել նոր նախագծեր, որոնք, անկասկած, ներկայացված կլինեն Հայաստանում »: