Մենք այսօր իրականացնում ենք մի միջոցառում, որը մեծ նշանակություն ունի նմեր տնտեսության համար. խոսքը վերաբերում է մասնավորապես, ՀՀ-ի եւ ՌԴ-ի առեւտրային եւ տնտեսական հարաբերությունների զարգացման խթանների մշակմանը: Այս մասին, այսօր՝ Երեւանում անցկացվող «Armenian Business Forum»-ի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ ֆորումը ավելի մասնագիտական ու խորացված քննարկում է ենթադրում:

Հարցին, թե ի՞նչ տնտեսական ազդեցություն կարող է բերել Հայաստանին ճանապարհների ապաշրջափակումը, որի շուրջ բանակցում են հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը՝ փոխվարչապետների մակարդակով, Մհեր Գրիգորյանը պատասխանեց. «Ճշգրիտ հաշվարկներ եւ ծավալների աճ այս պահին կանխատեսելը մի քիչ դժվար կլինի, որովհետեւ կա երկու հանգամանք, որոնք դեռեւս  հետազոտման կարիք ունի: Առաջին հանգամանքն այն է, որ մենք երկար տարիներ եղել ենք սահմանափակումների տիրույթում, եւ այդ իմաստով, թե ինչ դեր կունենա ապաբլոկադավորումը... ակնհայտ է, որ դրական էֆեկտ կունենա, բայց ծավալային իմաստով ինչ կլինի, պետք է շարունակեն հետազոտել»:

Նույն խնդրին անդրադառնալով ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկն ասաց. «Եռակողմ հանձնաժողովը գործում է, վերջին 7-րդ հանդիպումը եղել է օգոստոսի կեսերին: Բոլոր կողմերը տրամադրված են տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանը: Իհարկե, քննարկվում է, թե ինչպես դա անել, բայց ակնհայտ է, որ ապաշրջափակումը, տրանսպորտային երթուղիների վերականգնումը թույլ կտա զգալիորեն նոր հնարավորություններ ստեղծել ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնման համար, այդ թվում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ»: