Ինձ համար անակնկալ էր վարչական ձերբակալման ենթարկվելը, որովհետև վարչական ձերբակալումը որպես միջոցառում ունի իր իրականացման օրենսդրական հիմքերը, կարգը, որոնք անտեսվեցին ոստիկանների կողմից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով սեպտեմբերի 18-ին Ազնավուրի հրապարակից իրեն բերման ենթարկելուն, որտեղ ինքը մասնակցում էր սեպտեմբերի 21-ին համերգը չեղարկելու պահանջով բողոքի ակցիային:

«Այսօր ոստիկանությունը, բացառությամբ որոշ ստորաբաժանումների, մեծ մասը լծվել են ապօրինությունների գործին, իրենց միակ նպատակն է, թե ոնց պաշտպանեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը գոնե մեկ օր ավելի: 2 օր առաջ Շառլ Ազնավուրի հրապարակում ոստիկանության գործողությունները բացարձակապես ոչ մի կապ չունեն այն նպատակների հետ, որոնք գրվծ են մեր օրենսդրությունում:

«Սրճարանից դուրս եկանք ու ինձ ձերբակալեցին: Ու գիտե՞ք ինչ է գրված այդ ձերբակալման արձանագրության մեջ: Ես էդ գրողին, ոմն Տիգրան Գեւորգյան, ես իր հետեւց գնալու եմ, թող ինքը նկատի ունենա: Պիտի նմանները չաշխատեն համակարգում: Երբ ասում եմ՝ ներկայացի, փախնում է, ես ի՞նչ իմանամ՝ ով է: Կարող է համազգեստավոր խուժան ա, եկել է ժողովրդի ճնշի: Ասում եմ՝ ինչո՞ւ եք 80 տարեկան տարեց տղամարդուն կամ ռազմաբերու քրոջը քարշ տալով տանում, այ Նիկոլի ոստիկաններ»,-ասաց նա: Նախկին պատգամավորի համոզմամբ, ոստիկանությունում դեռեւս գործում է պետի պաշտամունքի իսնտիտուտը. «Կարեւոր չի՝ ժողովուրդն ինչ է անում, կարեւորը՝ պետն ասում է՝ բռնետ, տարեք սրան: Բանը էնտեղ է հասել, որ եթե պետն ասի՝ գնա հորդ չափալախի, կգնա կչափալախի»,-ասաց նա: