Բանակի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ հարաբերությունների խորացման համար նորարարական մոտեցումներ են անհրաժեշտ: Այս մասին սեպտեմբերի 20-ին «Ռուս-հայկական տնտեսական համագործակցությունը. Հեռանկարային նախագծեր»  կլոր սեղանի ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Նրա խոսքով՝ երկու երկրների միջեւ սերտ տնտեսական հարաբերություններ են ձեւավորվել: «Մենք դրա համար ունենք ամուր տնտեսական հիմք: Հայաստանում ռուսական բիզնեսի առաջատարներն են «Գազպրոմ Արմենիա»-ն, «Ռոսնեֆտ»-ը, «Հարավկովկասյան երկաթուղի»-ն, «Գեոպրոմայնինգ»-ն, «Տաշիր գրուպ»-ը եւ «Յանդեքս»-ը: Փոքր եւ միջին բիզնեսի ոլորտը նույնպես հատուկ ուշադրության է արժանի: Տնտեսական համագործակցությունը հիմք է ստեղծում մեր հարաբերությունների ամբողջ շրջանակի, ռազմավարական դաշինքի համար», - ասել է Կոպիրկինը:

Այդուհանդերձ, ըստ դիվանագետի, կարեւոր է կանգ չառնել եւ շարունակել խորացնել առկա համագործակցությունը՝ այն ընդլայնելով խոստումնալից ուղղություններով:

Դեսպանը նշեց, որ նոր ստեղծագործական եւ նորարարական մոտեցումներ պահանջում է հենց կյանքը, տարածաշրջանային եւ միջազգային գործընթացների զարգացման տրամաբանությունը:

«Այս տրամաբանությունն այնպիսին է, որ դինամիզմ եւ նորարարական մոտեցում է անհրաժեշտ՝ համագործակցության ձեռք բերված մակարդակը պահպանելու եւ առավել եւս՝ դրա մակարդակը բարձրացնելու համար: Միայն դա կապահովի մրցունակություն, կամրապնդի ռուսական բիզնեսի դիրքերը Հայաստանում եւ հակառակը: Սա կարեւոր է նաեւ՝ հաշվի առնելով տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հեռանկարը, որի ուղղությամբ ակտիվ աշխատում է Ռուսաստանի Դաշնությունը: Շատ կարեւոր է, որ երկու կողմերից էլ լինի քաղաքական կամք: Դրա մասին է վկայում նաեւ այսօրվա միջոցառման մասնակիցների կազմը»,- ասել է Կոպիրկինը: