Իրանից եկող երկար բենզատարը Սյունիքով անցնելիս դժվարությամբ շրջադարձ է կատարում եւ կանգ առնում: Շարժիչը կոշտ դռռում է, մեքենան չի կարողանում հաղթահարել կտրուկ բարձրացող ճանապարհը: Ավտոմեքենան կանգ է առնում, նրա օրինակին հետեւում են նաեւ հետեւից ընթացողները: Մի քանի անհաջող փորձից հետո բենզատարը շարժվում է տեղից եւ դանդաղ բարձրանում սարը: Մյուսները բարձրանում են առաջինի հետեւից:

Այսուհետեւ իրանական բեռնատարների համար անվտանգ երթուղին անցնում է շրջանցիկ ճանապարհով՝ Տաթեւի վանքի կողքով: Գորիս-Կապան գլխավոր ճանապարհը մասամբ գտնվում է ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ, եւ հակառակորդի սադրիչ գործողություններից, ճանապարհով անցնելու համար գումար հավաքելու փորձերից, հատկապես՝ իրանցի երկու վարորդների «ձերբակալումից» հետո վարորդները նախընտրում են հաղթահարել շրջանցիկ ճանապարհի բարդությունները:

Իսկ այդ ճանապարհը դժվար է ու վտանգավոր: Մինչ տասնյակ բեռնատարներ բարձրանում են զառիվեր լանջով, նույն թվով բեռնատարներ կուտակվել են լեռան տակ՝ Սատանի կամրջի վրա: Շարասյանն ուղեկցում են ոստիկանները: Երթեւեկությունը շատ ինտենսիվ է՝ այնքան, որ մտահոգություն է առաջանում՝ արդյո՞ք Սատանի կամուրջն ընդհանրապես կդիմանա այդպիսի կուտակումների. չէ՞ որ այն բնական կամուրջ է եւ նախկինում  ստիպված չէր նման ծանրությունների դիմանալ: Կամրջի տակ գետն է:

Նույնիսկ համեմատաբար լայն Երեւան-Գորիս մայրուղին (Տաթեւ-Կապան նեղ ճանապարհի համեմատ) տեղ-տեղ տրորված է, հստակ տեսանելի են ծանր բեռնատարների անվահետքերը: Այստեղ սկսում ես ըմբռնումով մտաբերել հարեւան Վրաստանի իշխանությունների դժգոհությունը Հայաստանից մեկնող բեռնատարներից. ասֆալտը փչանում է: Իսկ ի՞նչ կլինի Տաթեւով անցնող ճանապարհի հետ: Լավ է, որ գոնե հասցրեցին ասֆալտապատել: Հայաստանի իշխանությունները, կարծես, կանխատեսում էին, ասֆալտն այստեղ հայտնվեց միայն անցած տարի: Իսկ նոր ճանապարհը խոստանում են կառուցել առնվազն մեկ տարվա ընթացքում: Իսկ ինչպե՞ս անցնել, մինչեւ նորի կառուցումը: Ձմեռը մոտ է, իսկ ձմռանը ինչպե՞ս անցնել այս ճանապարհով: Հարցերը շատ են:

Տաթեւի ճանապարհին հանդիպում էին իրանական բեռնատարների շարասյուներ: Մի տեղ դրանք մոտ 30-ն էին, բեռնատարների մեծ մասը բենզատար է, այստեղից բխող վտանգներով...

Ադրբեջանցիների ագրեսիվ գործողությունների նպատակն է շանտաժի միջոցով ստանալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»՝ միաժամանակ ահաբեկելով տեղի բնակչությանը եւ իրանցի վարորդներին, որպեսզի նրանք զգուշանան եւ խուսափեն գնալ այս ճանապարհով:

Չնայած դրան՝ հաղորդակցությունների բացման շուրջ բանակցությունները շարունակվում են: Այդ մասին Երեւանում կայացած միջոցառման ժամանակ հայտարարեց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Նրա խոսքով՝ միջանցքների հարցը չի քննարկվում, այլ քննարկվում է Անդրկովկասում տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցը: «Բանակցություններն ընթանում են դրական հունով»,- հավելեց Օվերչուկը: Հիշեցնենք, որ նա ղեկավարում է փոխվարչապետների՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով եռակողմ խումբը:

Ժամանակը ցույց կտա, հիմքեր ունի՞ ՌԴ փոխվարչապետի լավատեսությունը, թե՞ ոչ: Ի դեպ, ավագ սերունդը կարող է պատմել, թե ինչ խնդիրների էին բախվում  Ադրբեջանի տարածքով անցնող ուղեւորատար եւ բեռնատար ավտոմեքենաները, նույնիսկ Արցախյան հակամարտության բռնկումից առաջ: Վերջին իրադարձությունները՝ Հայաստանի երկու բնակիչների առեւանգումը, հուշում են, որ լավատեսությունը պետք է հնարավորինս զուսպ լինի: