Հայաստանի հետ սկսվել է միջնաժամկետ հեռանկարում նոր ռազմավարական միջկառավարական փաստաթղթի մշակումը, ես խոսում եմ մինչեւ 2025 թվականը տնտեսական համագործակցության ծրագրի մասին, որը կամրագրի մեր փոխգործակցության հիմնական ուղղությունները: Այս մասին սեպտեմբերի 20-ին Երեւանում կայացած  Armenian Business Forum-ի ժամանակ ասաց Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

Դրանք, նրա խոսքով, կլինեն կոնկրետ ծրագրեր ըստ ոլորտների:

«Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափով համագործակցությունը մեզ համար ռազմավարական նշանակություն ունի»,- ասաց նա:

Օվերչուկը հավելեց, որ, չնայած համավարակին, Ռուսաստանը պահպանել է Հայաստանի առաջատար առեւտրային գործընկերոջ կարգավիճակը եւ ապահովում է իր արտաքին առեւտրաշրջանառության գրեթե մեկ երրորդը: «ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու պահից եւ համավարակից առաջ փոխադարձ առեւտրի աճ գրանցվել է երկու անգամ՝ 1.3-ից մինչեւ 2.5 մլրդ դոլար: Անցյալ տարի մեր երկրների միջեւ շրջանառությունը նվազել է 9.5 տոկոսով, սակայն 2021 թվականի հունվար-հուլիսին կրճատումը հաջողվեց հաղթահարել: Մենք չպետք է բավարարվենք ձեռք բերվածով: Առջեւում դեռ շատ նախագծեր եւ գաղափարներ կան, իսկ ամենակարեւորը՝ դրանք իրականացնելու ցանկություն»,- եզրափակեց Ալեքսեյ Օվերչուկը: