Սեպտեմբերի 17-ին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) և Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության  (ԱՄԱԱ) Հայաստանի մասնաճյուղը չորսամյա փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին Լոռու մարզի 6 համայնքներում (Վահագնի, Եղեգնուտ, Դսեղ, Դեբետ, Չկալով, Ձորագյուղ) կաթնամթերքի արտադրությունը բարելավելու և ընդլայնելու նպատակով։

Բարելավելով արոտավայրերը և անասնակերի արտադրությունը մարզում՝ նախագիծը նպատակ ունի նպաստելու բարձրորակ և բարձրարժեք կաթի արտադրության աճին՝ արտադրությունից մինչև շուկա, ինչպես նաև ապահովելու արժեշղթայի կայունություն և գյուղական բնակավայրերի համար կայուն եկամուտներ։

Համաձայնագրի ստորագրմանը, որը կայացավ Լոռու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում, ներկա էին «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» (SDA) ՀԿ-ի, «Բնության համաշխարհային»  հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Հայաստան), «Հայկական Կարիտաս»-ի, «ԱՄՔՈՐ»-ի ներկայացուցիչներն ու ծրագրի շահառու գյուղերի համայնքապետերը։

Տնտեսական զարգացումը ՔՈԱՖ-ի ծրագրերի ուղղություններից մեկն է, որ նպաստում է գյուղական համայնքներում ընդհանուր սոցիալ-տնտեսական միջավայրի բազմակողմանի զարգացմանը։ ՔՈԱՖ-ը նախկինում իր տնտեսական ծրագրերի շրջանակում համագործակցել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) hայաստանյան գրասենյակի հետ, ինչի արդյունքում հատապտուղների սերմեր, կաթիլային ոռոգման համակարգ տրամադրելու և 50 տնային տնտեսությունների՝ հատապտուղների աճեցման և մշակման առանձնահատկություններ սովորեցնելու միջոցով  Լոռու մարզում ձևավորվել է ազնվամորու արժեշղթա։

Հիմնվելով նախորդ ծրագրի հաջողությունների վրա՝ ՔՈԱՖ-ը ցանկանում է այս մոդելը կիրառել նաև Հայաստանի կաթնարտադրության թերզարգացած ոլորտ ունեցող շրջաններում։ ԱՄԱԱ-ի հետ համատեղ ջանքերով ՔՈԱՖ-ը կկարողանա համապարփակ ազդեցություն թողնել Լոռու կաթնամթերքի արտադրության ոլորտում՝ նորարարական մեթոդներով օպտիմալացնելով գոյություն ունեցող 4 բիզնեսներ: Միաժամանակ, կհիմնվեն կաթնամթերքի 2 նոր բիզնեսներ, որոնք կօգտվեն կենդանիների վերարտադրողականության բարձրացման նախաձեռնությունից: Կաթի բարձրացված որակը նոր բիզնեսներին հնարավորություն կտա բարելավել անասնապահությունը, արտադրել բարձրորակ պանիր և մրցունակ դառնալ տեղական ու միջազգային շուկայում։

Նախագծի շրջանակներում տեղացի գյուղատնտեսները նաև ձեռք կբերեն նոր հմտություններ՝ կենդանիների արհեստական բեղմնավորումից մինչև եգիպտացորենի, կորնգանի և առվույտի դաշտերի մշակում։ Գործընկերների գնահատմամբ նախագծի շրջանակներում կստեղծվեն 70-ից ավելի աշխատատեղեր։