Նիկոլ Փաշինյանի որոշմամբ վաղը՝ սեպտեմբերի 21-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա «մասշտաբային և գունագեղ» միջոցառում՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին։

Սեպտեմբերի 8-ին Կառավարության նիստում նա հայտարարել էր, որ «մասշտաբային և գունագեղ տոնակատարությունն առաջին հերթին նվիրված է լինելու ՀՀ անկախության, ինքնիշխանության, անվտանգության և Արցախի համար իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին»։

Մինչդեռ պատերազմում նահատակված տղաների ծնողները երկու օր շարունակ բողոքի ակցիա իրականացրեցին Երևանում՝ պահանջելով «գունագեղ» տոնակատարությամբ չհարգել իրենց որդիների հիշատակը, և նրանց պետք է հանգիստ թողնեն։

Մասշտաբային տոնակատարության հեղինակից՝ Նիկոլ Փաշինյանից, միջոցառմանը մասնակցելու վերաբերյալ Արցախի ԱԺ-ին հրավեր չի ուղարկվել։ Ինչ վերաբերում է Արցախի նախագահին, ապա նրան հրավեր  լինել-չլինելու հարցը նրա խոսնակն օրեր առաջ մեզ հետ զրույցում թողեց առանց մեկնաբանության՝ ընգծելով միայն, որ Արայիկ Հարությունյանը որևէ տոնական միջոցառման ներկա չի լինելու։

Ստացվում է, որ այդ միջոցառումը կազմակերպվել է միայն Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների համար, ինչպես զոհվածների ծնողներն են ասում՝ «տժժալու» համար։

168.am–ի  հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ Արցախի ԱԺ-ն ՀՀ իշխանություններից հրավեր չի ստացել։

«Մինչև այս պահը հրավեր չենք ստացել, ու չեմ կարծում, որ վաղն առավոտյան կստանանք։ ԱԺ խմբակցություններին առանձին չեն ուղարկում հրավիրատոմսը, ուղարկում են միանգամից ԱԺ-ին։ Ըստ էության, ՀՀ իշխանությունն այդ գունագեղ միջոցառումն արեց մարդկանց շեղելու համար, և նրանց օրակարգը ստացվեց, որովհետև հանրությունն ավելի շատ երևի զայրացավ դրանից՝ մինչ քննարկում էին այդ գունագեղ միջոցառումը, զուգահեռ՝ Նիկոլը հանգիստ հանձնում էր ՀՀ մնացած տարածքները։

Եթե մեր ազգն իր դիմագիծը չի կորցրել, ապա պարտավոր էր մեկ տարի պահելու մեր զոհված տղաների հիշատակը, դեմ եմ ազգային երկարաժամկետ սգին, որովհետև ազգը պիտի նաև հնարավորություն ունենա ոտքի կանգնելու, բայց մեկ տարին պարտավոր էր պահելու։ Չկարողացան մեկ տարին պահել հենց այս իշխանությունների ձեռամբ։

Մեկ բան եմ ուզում ասել ՀՀ-ում բնակվող հայրենակիցներին՝ եթե ուզում էին չեղարկել այդ տոնակատարությունը, պետք է վարվեին այնպես, ինչպես նախորդ տարվա դեկտեմբերին վարվեցինք Արցախում, երբ Աննա Հակոբյանը փորձում էր Ստեփանակերտում Ամանոր նշել։ Հանրությունը, նաև քաղաքական ուժերը հավաքվեցին և տեղադրված տաղավարները հանեցին։ Այսինքն՝ Հայաստնում հասարակությունը չպետք է գնար Նիկոլի օրակարգով։ Գունագեղ տոնակատարությունն անամոթություն էր, որից չպետք է զարմանալ, որ կանեին այս իշխանությունները»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Նա նաև ասաց, որ անձամբ իրենք ՀՀ ներկայիս իշխանություններից հրավեր չէին ընդունի և նրանց հետ հանդիպման չէին գնա։

«ԱԺ-ի հետ կգնայինք, բայց ոչ իրենց համար, իրենց հետ հանդիպման չէինք մասնակցի, կլինեինք մեր այն հայրենակիցների կողքին, ովքեր այդ օրը ոչ թե կգնային խրախճանք անելու, այլ վերհիշելու 30 տարիների հաղթական անցյալը։ Չնայած այս հարցերը չենք էլ քննարկել, որովհետև գիտեինք, որ մեզ որևէ հրավեր չի լինելու, մայիսի 28-ն էլ փաստ, երբ կրկին չեղավ հրավեր»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։

Նա նաև հիշեցրեց, որ օրեր առաջ Գորիսում թշնամին կանգնեցրել է Արցախի պատանիներին և ավտոբուսի վրայից դանակով մաքրել Արցախի դրոշը՝ փորձելով ստորացնել պատանիներին, և այդ ամենը ՀՀ ԱԺ նախագահը համարեց «մանրուք»։ Մինչդեռ ՀՀ իշխանությունը միջադեպը պետք է դարձներ միջազգային հնչեղության խնդիր։

«Այդ նույն օրը իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը արտաբերեց «Զանգեզուրից Հայաստան» արտահայտությունը, այսինքն՝ փաստեց, որ այսուհետ մեր Լեռնահայաստանը ևս Ադրբեջանի մաս է։ Այնպես որ՝ նման իշխանությունից ես սպասում եմ և՛ պորտապար, և՛ գունագեղ տոնակատարություն, սա զարմանալի չէ։ Զարմանալի է ազգի լռությունը բոլոր առումներով։ Նույն հանրությունը, որն այսօր լռում է, վաղը հայտնվելու է տնտեսական շրջափակման մեջ, որովհետև Ադրբեջանում Իրանի դեսպանը երկու օր առաջ հարցերն արդեն լուծում էր Ադրբեջանի փոխվարչապետի հետ։ Այսինքն՝ Իրանը ճանապարհներ կգտնի իր հարցերը լուծելու համար, իսկ Հայաստանը կկորցնի Իրանին»,- հավելեց պատգամավորը։

Մ․ Հակոբյանն այլևս չի մեղադրում Հայաստանի և Արցախի իշխանություններին, քանի որ նրանք այլևս չեն թաքցնում իրենց նպատակները, ծրագրերը՝ ամեն բան բացահայտ են անում, փոխարենը՝ զարմանում է մարդկանց անտարբերության վրա։

«Մենք արդեն կորցրել ենք մեր դիմագիծը, կորցնում ենք հայրենիքը, վտանգված է մեր երեխաների կյանքը, բայց մարդիկ այսօր գնում են գունագեղ տոնակատարության՝ փաստացի կիսաանկախ պետությունում, որտեղ անկախություն պարգևած մարդկանց դատում են, դատապարտում են։ Այս իրավիճակից մեզ կարող է հանել ազգի համախմբումը, ինչը, ցավոք, դեռ չունենք»,- շեշտեց նա։

Միաժամանակ նա ընդգծեց, որ Հայաստանն ու Արցախն իրենց սիրտն են, ապրելու իմաստը, որովհետև երբեք չի զատել՝ երկու հայկական պետություններն էլ ընկալել է՝ որպես սեփական հայրենիք։

«Ես ցանկանում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը գիտակցի այն իրավիճակը, որում հայտնվել ենք, ու հասկանա, որ ազգովի պիտի ոտքի կանգնենք, ազատվենք ոչ հայամետ իշխանություններից ու փրկենք հայրենիքը, որպեսզի վիրավոր  հայրենիքը կարողանանք ուշքի բերել, դարձնենք առաջվա հզոր Հայաստանն ու Արցախը՝ փոխանցելով մեր սերունդներին։ Սա է իմ միակ ցանկությունն ու ուղերձն անկախության կապակցությամբ, որովհետև 30 տարիների հպարտությունը, որն ունեցել ենք, այսօր, ցավոք, կորցրել ենք, մենք նաև մեծ ցավ ունենք, որն ամփոփված է «Եռաբլուրում» և Արցախի Եղբայրական հուշահամալիրում։ Պետք է կարողանանք պատասխան տալ նաև շիրիմների առաջ։ Ցանկանում եմ, որ ազգն այնքան արագ հետ բերի իր դիմագիծը, որ կարողանա այդ ճանապարհը հաղթահարելով՝ հասնի այն ամենին, ինչին ձգտում էին մեր պապերը և 18-20 տարեկան զինվորները, ովքեր նահատակվեցին»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։