Համաշխարհային շուկաներում բնակարանների գների աճն այն ավելի ու ավելի անհասանելի է դարձնում, ընդ որում՝ համավարակն անշարժ գույքի շուկայում համաշխարհային ճգնաժամի է հանգեցրել, հաղորդում է Bloomberg-ը:

«Մենք ականատես ենք, թե ինչպես բնակչության որոշ շերտեր այլեւս բնակարան ձեռք բերելու հնարավորություն չունեն: Այդպես է Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, իսկ այժմ, ցավոք, ավելի ու ավելի հաճախ՝ Բեռլինում»,- ասել է Բեռլինի քաղաքապետ Միխայել Մյուլլերը:

Անցած 18 ամիսների ընթացքում պոտենցիալ գնորդների համար գնալով ավելի է դժվարացել բնակարան գնելը՝ տների սղության եւ ծայրահեղ ցածր տոկոսադրույքների պայմաններում բնակարանների գների բարձրացման պատճառով: Այսպես, ըստ ամերիկյան խոշորագույն հիփոթեքային Freddie Mac գործակալության նախկին գործադիր տնօրենի, Միացյալ Նահանգներում բնակարանների գները ավելի քան 30%-ով բարձր են, քան 2000-ականների կեսերին առավելագույնը: «Մենք ականատես ենք մի կարեւոր իրադարձության, որը չի կարելի անտեսել»,- ասել է նա: Միեւնույն ժամանակ, վարձավճարները նույնպես շատ քաղաքներում աճում են: