ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բացատրել է, որ «մարդասպանի» մասին իր խոսքերը կանխամտածված չեն եղել, իր «Վտանգ» նոր գրքի մասին ABC News-ին տված հարցազրույցում պատմել է ամերիկացի լրագրող Բոբ Վուդվորդը:

Ըստ գրքից մի հատվածի՝ ապրիլի 13-ին երկու պետությունների ղեկավարների հեռախոսազրույցի ընթացքում Պուտինն ասել է, թե իրեն վիրավորել են Բայդենի խոսքերը:

Բայդենը, ինչպես տեղեկացվում է, Պուտինին պատասխանել է, որ իր խոսքերը «կանխամտածված չեն եղել»: «Ինձ հարց տվեցին. Ես պատասխանեցի: Հարցազրույցը բոլորովին այլ թեմայի էր նվիրված»,- պարզաբանել է Բայդենը: Դրանից հետո, ըստ Վուդվորդի, Ամերիկայի նախագահն առաջարկել է գագաթաժողով անցկացնել:

Հունիսին Ժնեւում կայացած հանդիպումից հետո Պուտինն ասել է, որ Բայդենը խոսակցության ժամանակ բացատրել է այդ խոսքերը, եւ բացատրություններն ընդունելի են ՌԴ ղեկավարի համար: