ԼՂ հակամարտությունը դեռ պետք է կարգավորվի, իսկ Արցախի կարգավիճակի հարցում հստակություն լինի: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին:

Դեսպանն ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի երեք հիմնարար սկզբունքները մնում են արդիական ու կիրառելի:

«Կարծում եմ՝ հիմնական սկզբունքներից մի քանիսը, որոնք նախկինում կային, մնում են շատ արդիական և կիրառելի։ Տարածքային ամբողջականությունը հիմնական սկզբունքներից մեկն էր, ինչպես նաև ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը»,- ասել է դեսպանը։

Ըստ ԱՄՆ դեսպանի՝ դժվարությունները, տարակարծություններն ու լարվածությունը հաղթահարելու համար հիշատակված սկզբունքներն այժմ էլ կարող են ուղղորդող լինել բանակցությունների տեսանկյունից։

«Երբ մենք շարունակում ենք վերագնահատել տեղում իրավիճակի առանձնահատկությունները, այս սկզբունքներն են շատ առումներով մնում ուղղորդող, կողմնորոշիչ սկզբունքներ բանակցությունների համար, որովհետև որպես համանախագահող՝ մենք ձգտում ենք տևական, մնայուն խաղաղության, իսկ դրա համար իրականում անհրաժեշտ է համապարփակ բանակցություններ վարել, անհրաժեշտ է, որպեսզի կողմերը պատրաստ լինեն խոսել միմյանց հետ՝ անկեղծ, շիտակ և պատրաստ լինեն փոխզիջումներ անել:

2020 թվականի նոյեմբերին կնքվեց հրադադար, ուստի, ինչպես արդեն ասել եմ, ԱՄՆ-ի հայտարարված քաղաքականությունը սա է այս հարցի վերաբերյալ։ Եվ շատ կարևոր է, որ մենք կարողանանք հասկանալ յուրաքանչյուր կողմի շահը, հետաքրքրությունը։ Շահերից մեկը տարածքային ամբողջականությունն է, բայց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքորոշումը նույնպես հիմնական սկզբունքներից մեկն է եղել և մնում, որը չի կարող արհամարհվել»,- նկատել է դեսպանը։